27.11.2024
ԱԱԾ-ն ադրբեջանցի լրտեսի բացահայտման 100-ամյա վաղեմության փաստաթուղթ է հրապարակել
prev Նախորդ նորություն

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը շնորհավորել են Բակո Սահակյանին

ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը շնորհավորել են Արցախի նախագահ Բակո Սահակյանին ծննդյան օրվա կապակցությամբ:


Ռոբերտ Քոչարյանի շնորհավորական ուղերձում ասվում է.  


«Մեծարգո՛ պարոն Նախագահ,


Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան տարեդարձի առթիվ: Մաղթում եմ քաջառողջություն, տոկունություն եւ արգասաբեր աշխատանք՝ ի բարօրություն Արցախի Հանրապետության ժողովրդի»։


ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին` ծննդյան օրվա առթիվ, այս մասին տեղականում ենք 3-րդ նախագահի մամուլի գրասենյակից:


Սերժ Սարգսյանի ուղերձում, մասնավորապես, ասված է.


«Արցախի Հանրապետության մեծարգո՛ նախագահ,


Սրտանց շնորհավորում եմ Ձեզ` ծննդյան օրվա առթիվ:


Մեծագույն պատասխանատվությամբ, երկրի ղեկավարին բնորոշ լայնախոհությամբ, սթափ մտածողությամբ և հավասարակշիռ մոտեցումներով Դուք տարիներ շարունակ Ձեր ջանքն եք դրել հանուն Արցախի:


Ձեր կյանքի լավագույն տարիները անմնացորդ ծառայություն են Հայրենիքին և հայ ժողովրդին, արժանի` խորին հարգանքի և գնահատանքի:


Լինելով Արցախյան շարժման առաջամարտիկներից` Դուք ազատամարտի առաջին իսկ օրերից Ձեր անուրանալի ներդրումն եք ունեցել Արցախի սրբազան հողի ազատագրման, պաշտպանության, ապա նաև կանոնավոր բանակի ձևավորման, Արցախի Հանրապետության կայացման և արցախցիների անվտանգության ու բարօրության ապահովման գործում:


Այսօր էլ նույնպիսի պատվախնդրությամբ շարունակում եք Ձեր առաքելությունը` կարևորելով մեր ժողովրդի միասնականությունը, Արցախի հիմնախնդրի խաղաղ և արժանապատիվ լուծումը, Արցախի զարգացումն ու անցնցում ընթացքը դեպի ապահով հանգրվան, որում ես Ձեզ անկեղծորեն հաջողություն եմ մաղթում:


Հարգելի՛ պարոն Սահակյան,


Մենք երդվել ենք հերոսամարտում զոհված մեր ամեն ընկերոջ շիրիմի առջև` պաշտպանել հայոց հողը և շենացնել այն, չընկրկել փորձությունների ու դժվարությունների առջև: Հարատև խաղաղության հասնելու և զարգացած ու հզոր Արցախ ունենալու ճանապարհը անխոչընդոտ և դյուրին չէ, սակայն ինչպես մինչ այսօր, այսուհետ ևս վստա՛հ եմ Ձեր նվիրվածությանը հայրենի հողին և ժողովրդին:


Կրկին շնորհավորում եմ և մաղթում Ձեզ քաջառողջություն, Ձեր ամուր ու հայկական ավանդապաշտ գեղեցիկ ընտանիքին` երջանկություն, նոր հաջողություններ՝ ի շահ Արցախի և նրա արժանապատիվ քաղաքացիների»:


Ծննդյան օրվա առթիվ Սերժ Սարգսյանը նաև հեռախոսազրույց է ունեցել նախագահ Բակո Սահակյանի հետ` շնորհավորանքներն ու բարեմաղթանքները փոխանցել Արցախի նախագահին: