Մասիս Մայիլյանն ընդունել է Արցախում «The HALO Trust» ծրագրի նորանշանակ ղեկավարին
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն օգոստոսի 16-ին ընդունել է Արցախում «The HALO Trust» միջազգային ոչ կառավարական կազմակերպության ծրագրի նորանշանակ ղեկավար Էդվարդ Ռոբերտ Սայֆրետին:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են հանրապետության տարածքում ականազերծման և չպայթած ռազմամթերքի վնասազերծման ուղղությամբ «The HALO Trust»-ի հետագա գործունեությանն առնչվող հարցեր, ինչպես նաև կազմակերպության ֆինանսավորման հեռանկարները:
Նախարարը գոհունակություն է հայտնել երկրի բնակչության կյանքի անվտանգության ապահովելուն ուղղված կազմակերպության աշխատակիցների կողմից իրականացված աշխատանքների կապակցությամբ և վերահաստատել արտաքին քաղաքական գերատեսչության պատրաստակամությունը՝ հետագայում նույնպես աջակցելու Արցախում մարդասիրական ծրագրերի իրականացմանը:
Մասիս Մայիլյանը «The HALO Trust»-ի նոր ղեկավարին հաջողություն է մաղթել կարևոր առաքելության իրականացման գործում: