25.11.2024
Ոստիկանները կանխել են հերթական «ռազբորկան». բերման է ենթարկվել մեկ տասնյակից ավելի անձ
prev Նախորդ նորություն

Մամուլ. Ինչո՞ւ է վարչապետը հեռացրել իր գլխավոր խորհրդականներին

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ վարչապետի հրամանով աշխատանքից ազատվել են նրա երեք խորհրդականները՝ գլխավոր խորհրդականներ Արսեն Գասպարյանը և Արամ Ղարիբյանը, Մհեր Սահակյանը։ Արամ Ղարիբյանը հին իշխանությունների ներկայացուցիչ է՝ նախկինում ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարար է եղել, ապա ՀՀ վարչապետի և նախագահի խորհրդական՝ 2008-2018 թթ․, 2018-ին նշանակվել է Նիկոլ Փաշինյանի խորհրդական։ Իսկ Մհեր Սահակյանը ժամանակին Չինաստանում հայ համայնքի ղեկավարն էր, չինական ուղղության մասնագետ, ով 2017-ին է վերադարձել Հայաստան։ Գասպարյանն էլ մինչև 1999-ը աշխատել է ՀՀ ԱԳՆ-ում, ապա մեկնել Ռուսաստան, հետո՝ ԱՄՆ և Հայաստան է վերադարձել 2018-ին՝ հեղափոխությունից հետո։ Գրչի մեկ հարվածով նրանց աշխատանքից ազատելու փաստը ոմանց տարակուսանքի տեղիք է տվել։ Մեզ հաջողվեց պարզել, որ Արսեն Գասպարյանին հեռացնելու պատճառը ներդրողների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքն է։ Կառավարությունում կասկածներ ունեն, որ նրա պահվածքի պատճառով որոշ ներդրողներ հեռացել են Հայաստանից»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ ստորագրահավաքի նախաձեռնությունն ընդլայնել է աշխարհագրությունը: Նախօ­րեից «Կամք» հասարակական նախաձեռնությունը Ստամբուլյան կոնվենցիա­յի վավերացման դեմ ստորագրահավաք է իրա­կանացնում Շիրակի մարզկենտրոն Գյումրիում: Որոշ տեղեկություններով, այստեղ անհամե­մատ ակտիվ մասնակցություն է գրանցվել, նախաձեռնողները մտադիր են այցելել գրեթե բոլոր մարզեր: Ստորագրահավաքից հետո կդիմեն ՍԴ՝ ՀՀ Սահմանադրությանը հակասող Ստամբուլյան կոնվենցիայի ստորագրությունն անվավեր ճանաչելու պահանջով»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արցախի Դաշնակցությունը խոստանում էր հուլիսի 7-ի շրջանային ժողովից հետո հայտնել նախագահական ընտրություններում իրենց թեկնածուի մասին, հայտարարում էին նաև, թե չի բացառվում, որ անկուսակցական, բայց համաձայնեցված որևէ թեկնածուի աջակցեն, սակայն հին ընկերները կարծես դանդաղ են շտապում: Արդեն հայտնի է չորս թեկնածության մասին՝ Արայիկ Հարությունյան, Սամվել Բաբայան, Վիտալի Բալասանյան, օրերս՝ նաև Մասիս Մայիլյան, բայց ՀՅԴ-ն չի շտապում: Արցախի պատգամավոր Դավիթ Իշխանյանը, ում անունը, ի դեպ, շրջանառվում է որպես նախագահացուի, երեկ մեր լրագրողին հայտնել է, որ ՀՅԴ-ն երբեք չի ուշանում, ճիշտ ժամանակին, ճիշտ որոշումներ է կայացնում: Առայժմ զբաղված է սեպտեմբերին սպասվող ՏԻՄ ընտրություններով, իսկ աշնանը կհայտնի իր թեկնածուի մասին: Մասիս Մայիլյանի՝ համաձայնեցված թեկնածու լինելու հնարավորության հարցին Իշխանյանը պատասխանել է. «Մենք այդ հարցի վերաբերյալ որևէ քննարկում չենք ունեցել։ Դեռևս քննարկում ենք ընդհանուր մարտահրավերները՝ որոնք են դրանք, որոնց շուրջ կարելի է համախմբվել և ունենալ համաձայնեցված թեկնածու»:


«Իրավունք» օրաթերթը գրում է. «Թշնամու ձեռքին հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանի հետ կատարվածը հանրային թիվ մեկ քննարկման թեմա դարձավ, թերևս, ունենալով երկու խորը հիմք: Առաջինը զգացմունքայինն է. մեր դիրքապահ զինվորը թշնամու ձեռքին է՝ դրանից բխող բոլոր հասկա­նայի մարդկային հետևանքներով հանդերձ: Սակայն այստեղ գործ ու­նենք ընդամենը տխուր փաստի հետ, որի հետ մնում է միայն հաշտվել, հասկանալի է՝ նաև փորձելով իր ընտանիքին վերադարձնել գերյալին: Բայց կա նաև տեղի ունեցա­ծի ռազմաքաղաքական հիմքը, ինչո՞ւ, ի՞նչ պատճառներով և հանգամանքներում 19-ամյա, այսինքն՝ մոտ 1 տարվա ծառայության ստաժ, հետևաբար բանակային կյանքին և դիրքային իրողություններին վարժված զինվորը հայտնվեց թշնամու մոտ: Պաշտոնական քննությունը գոնե երեկվա դրու­թյամբ դեռ այդ հարցերի պա­տասխանները չէր տվել: Սակայն ունենք տեղի ունեցածի հետ կապված միայն սահմանափակ թվով վարկածներ, որոնց թվում մեծ հա­վանականություն ունի այն տար­բերակը, որ Արայիկին գերի են վերցրել մեր դիրքերից:


Ընդ որում, այդ մասին նաև որոշակի փորձագիտական ոչ պաշտոնա­կան գնահատականներ են շրջանառվում: Նախ, մի շարք պաշտո­նական աղբյուրներ, այդ թվում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն Արայիկին համարում է ռազմագերի, այսինքն, որ նա ոչ թե սեփական կամքով է ինչ-ինչ պատճառներից ելնելով փախել թշնամու մոտ, այլ որ գերի են վերցրել: Կա նաև այն կարծիքը, որ Արայիկի վերքերի բնույթը ևս ակնարկում է գերի վերցնելու մասին: Այ­սինքն՝ գլխի վերքը, որը պարզ տեսանելի է ազերիների հրապարակած լուսանկարներում, կարող էր առաջանալ ավ­տոմատի հարվածից, իսկ մյուս վերքերը զինվորին անգիտակից վիճակում մացառ­ներով քարշ տալու արդյունքում: Իսկ դա հնարավոր կլիներ, եթե Արայիկի վրա հար­ձակվեին մեր պաշտպանության գոտում: Ռազմաքաղաքական տեսանկյունից թերևս հենց սա է, որ ամենավատ տարբերակը կլիներ: Այսինքն՝ եթե պարզվի, որ ազերիները կարող են մեր դիրքերից զին­վոր գողանալ, ապա դա առնվազն կաս­կածի տակ կառնի անխոցելիության տես­լականը: Բացի այդ, դա նաև ցույց կտա, որ անցած տարվա իշխանափոխությունից և Դուշանբեի պայմանավորվածու­թյուններից ի վեր որոշակի ժամանակահատված համեմատաբար հանգիստ մնա­ցող Բաքուն փոխել է քաղաքականությու­նը՝ անցնելով սահմանային իրավիճակը մշտապես թեժ պահելու գործողություննե­րի:


Ի դեպ՝ հիշեցնենք, որ Բաքվի քաղա­քականության նման փոփոխության հետ կապված դեռ շաբաթներ առաջ էինք են­թադրություն հայտնելու առիթ ունեցել: Դա նախ զգացվեց Վաշինգտոնում կայացած արտգործնախարարների հայտնի հանդի­պումից հետո Մամեդյարովի արած հայ­տարարությունից, որ կարելի է սահմանա­յին լարվածության պարագայում էլ բանակցել: Իսկ այն բանից հետո, երբ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց Կապա­նից Հադրութ ավտոմայրուղի կառուցելու որոշման առկայության մասին, Մամեդյա­րովի հայտարարությունը տեղափոխվեց գործնական դաշտ, եղան սպանվածներ և վիրավորներ: Եվ եթե պարզվի, որ Արայիկին էլ մեր գոտուց են առևանգել, ապա կնշանակի, որ Փաշինյանի ստեփանակերտյան հայտնի հայտարարությունից հետո, թե «Արցախը Հայաստանն է և վերջ», Բաքվի այդ քաղաքականությունը ստա­նում է երկարաձգված բնույթ: Եվ այդ մա­սին ակնարկում է ոչ միայն Արայիկի դեպ­քը. սահմանային կրակոցները շարունակ­վում են, այդ թվում նաև բուն ՀՀ-ի տա­րածքների ուղղությամբ, և նախօրեին ու­նեցանք ևս մեկ վիրավոր­»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Չնայած Քննչական կոմիտեից հաղորդում են, որ սահմա­նախախտ Արայիկ Ղազարյանի դեպքով ոչ մի ձերբակալված կամ կալանավորված չկա, քա­նի որ «ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 12.08.2019 թ. ժամը 10:30-ի դրությամբ՝ մինչ Ա. Ղազարյանի կողմից մարտական դիրքը թողնելը, գլխի ծոծրակային շրջանում, սրունքների շրջաններում կամ մարմնի այլ հատվածնե­րում Ա. Ղազարյանը մարմնական վնասվածքներ չի ունեցել», սակայն մեր աղբյուրներն այլ բան են պնդում: Մեզ ասացին, որ այն զորամասից, որտեղ ծառայություն է իրականացրել Ղազարյանը, 8 սպա է բերման ենթարկվել ռազմա­կան ոստիկանություն, և քննություն է ընթա­նում: Շարքային զինծառայողների նկատմամբ ոչ կանոնադրային վերաբերմունքի փաստերն են ստուգվում»:


«Առավոտ» օրաթերթը գրում է. «Թե ինչով է ավարտվելու քաղաքապետարան-«Սանիթեք» դիմակայությունը, դժվար է ասել: Իմ տպավորությամբ՝ խնդիրն այնքան է սրվել, որ առանց դատարանի հարցը չի լուծվի: Մենաշնորհ ունեցողը ինքնակամ չի ցանկանա հրաժարվել իր երաշխավորված եկամուտից, որը ստանալու համար առանձնապես ջանքեր չի գործադրում: Մենք էլ՝ քաղաքացիներս (և, հուսով եմ, նաև քաղաքապետարանը), չենք կարող հանդուրժել, որ Երևա­նում պարբերաբար աղբի սարեր գոյանան: Խն­դիրն, իմ կարծիքով, առաջացել է համակարգերի փոփոխության պատճառով, որի մասին արդեն առիթ էի ունեցել գրելու: Հին համակարգը հիմնված էր փողի «սև» շրջանառության վրա, և հնա­րավոր ճեղքվածքները փակվում էին ստվերային պայմանավորվածություններով: Հիմա ամեն ինչ պետք է բաց և թափանցիկ լինի, և դա, համենայնդեպս, որոշակի ժամանակահատվածում խն­դիրներ է առաջացնելու...


Բայց, ինչպես և այլ դեպքերում, այստեղ էլ կարևոր է քաղաքացիների գործոնը: Ինչպես հայտնի վեպում ասում էր պրոֆեսոր Պրեոբրաժենսկին, Կարլ Մարքսը ոչ մի տեղ չի գրել, որ պետք է մի­զել զուգարանակոնքից դուրս: Նման ձևով կարելի է արձանագրել, որ ոչ մի «Սանիթեք» կամ քաղա­քապետարանի աղբահավաք հիմնարկ չի ստի­պում, որ քաղաքացիներն իրենց աղբը շպրտեն որտեղ պատահի կամ, ավելի վատ՝ ավտոմեքենա­յի պատուհանից նետեն երթևեկելի մաս: «Սանի­թեքի» կամ քաղաքապետարանի աղբամաններն էլ շատ ավելի բարվոք վիճակում կլինեն, եթե մար­դիկ այնտեղ շինարարական աղբ չթափեն: Ընդհանրապես քաղաքապետարանը, այս պահի «ճեղքվածքը» փակելուց հետո, պետք է աղբահա­նության հարցում համալիր ծրագիր սկսի, որի մասն են կազմելու ոչ միայն աղբամաններն ու աղ­բատար մեքենաները, այլև աղբավայրը, աղբի մշակումը, աղբի տեսակավորումը և... քաղաքացի­ների մշակույթը: Քիչ է պաստառ կախել՝ «աղբի տեղը աղբամանն է»: Մարդկանց պետք է դաստի­արակել, կրթել մանկապարտեզից, մանկամսուրից սկսած: Որպեսզի ժամանակի ընթացքում վերանա աղբը՝ բառիս ուղիղ և փոխաբերական իմաստնե­րով: ...Վարչապետը երեկ հրահանգել է ճանապար­հային ոստիկանությանը՝ խստորեն տուգանել ավ­տոմեքենաներից ծխախոտ շպրտողներին: Տեսնես մեկ տարվա մեջ քանի՞ հոգի է տուգանվելու»:


«Իրավունք» օրաթերթը գրում է. «Ամառային այս տապին երևանյան թիվ մեկ խնդիրը շարունակում է մնալ աղբահանության հարցը: Մարդիկ արդեն հույսները կտրել են քաղաքապետարանից և այլընտրանքային քաղաքապետարան նախաձեռնությամբ հանդես եկել, որի հիմնադիրներից Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանն էլ հերթական բողոքի ակցիան իրականացրեց Երևանի քաղաքապետարանի մոտ` քաղաքապետ Հայկ Մարությանից պահանջելով զբաղվել աղբահանության խնդիրներով։ Ստեղծված իրավիճակի, մայրաքաղաքի առաջ ծառացած այլ խնդիրների մասին «Իրավունք»-ը զրուցել է Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանի հետ:


-Իսկապես, Երևանում այսօր աղբահանության խնդիրը թիվ մեկ հրատապ լուծում պահան­ջող հարցերից մեկն է, որը պետք է քաղա­քային իշխանությունները ձեռնամուխ լի­նեն: Կարծես թե քաղաքապետարանը որոշակի քայլեր է անում, որ այդ խնդիրը լուծի, սակայն ցավով պետք է արձանագրեմ, որ թեպետ նոր քաղաքա­յին իշխանությունը 10 ամիս է՝ գործում է, բայց այս ամիսների ընթացքում միայն տեսել ենք Երևանի քաղաքապետարան և «Սանիթեք» փոխադարձ մեղադրանք­ներ: Այս 10 ամիսները համարում եմ կորցրած, այդ ընթացքում կարելի էր շատ ավելի մեծ արդյունքների հասնել և այ­սօր չունենալ այն իրավիճակը աղբի հետ կապված, որն ունենք Երևանում: Ամառ­վա այս ամիսներին, երբ բազմաթիվ զբոսաշրջիկներ են գալիս Երևան, արդեն ֆլեշ-մոբ են անում և բացի Երևանի գե­ղատեսիլ և պատմական վայրերից, նաև նկարվում են աղբի հետ և, իհարկե, մեղադրում քաղաքային իշխանությանը՝ մայրաքաղաքն այսպիսի վիճակի հասց­նելու համար:


- Պարոն Մանրիկյան, գործող քաղաքապետի նախընտրական խոստումներից մեկը հենց այն էր, թե «մաքրելու ենք քա­ղաքը»: Ինչո՞վ էին զբաղված այս 10 ամիս­ների ընթացքում:


-Այո, Հայկ Մարությանի նախընտրա­կան խոստումներից մեկն էլ այն էր, որ պետք է մաքրեն քաղաքը աղբից, սա­կայն, կարծես թե, քաղաքային գործադի­րը ուշ է զարթոնք ապրել այս հարցում և նոր-նոր է ձևավորում այդ քայլերը՝ գնե­լով տեխնիկա: Ինչպես գիտեք, Երևանի ավագանին ամիսներ առաջ որոշում կա­յացրեց, որով ստեղծվեց քաղաքային երկրորդ սանմաքրման օպերատորը: Ներկա պահին այդ օպերատորն ունի 13 ավտոմեքենա, «Սանիթեքն» էլ ունի 13-15 ավտոմեքենա, որոնք ամեն օր դուրս են գալիս աղբահանություն կատարելու: Իհարկե, այսքանը բավարար չէ, և քաղաքապետարանը շարունակում է գնում­ներ կատարել, մասնավորապես՝ ճանապարհին են 2-3 «Կամազ» մակնիշի ավ­տոմեքենա: Այսպես շարունակաբար համալրվելու են: Նաև նախագիծ է առա­ջարկվել, որ պահեստային ֆոնդից մեկ միլիարդ 726 մլն դրամ հատկացնել քա­ղաքային երկրորդ օպերատորին, որից մեկ միլիարդ 571 մլն-ը հատկացվելու է, որ գնվի նոր տեխնիկա, մասնավո­րապես՝ աղբահավաք մեքենաներ, փոշե­կուլներ, փոքրիկ տրակտորներ, որոնք ձնամաքրման, ձնահեռացման աշխա­տանքներ կկատարեն, և 155 մլն հատ­կացվել է հազար նոր մետաղական աղ­բաման գնելու համար: Այս ամենը շատ լավ է, բայց այն պետք է լիներ շատ ավելի վաղ՝ դեռ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին»: