Միջազգային բանակային «Խաղաղության մարտիկ» մրցույթում Հայաստանը զբաղեցրել է առաջին տեղը
Միջազգային բանակային «Խաղաղության մարտիկ» մրցույթում Հայաստանը զբաղեցրել է առաջին տեղը:
Դիլիջանում մեկնարկած «Խաղաղության մարտիկ» մրցումների փակման հանդիսավոր արարողության ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ամփոփեց արդյունքները: «Սա մեզ համար մեծ հաջողություն է, քանի որ առաջին անգամ ենք գրավում 1-ին տեղը միջազգային բանակային մրցույթներում»,- նշեց Տոնոյանը և հավելեց, որ մրցումների մասնակիցները հնարավորություն են ունեցել ավելի լավ ծանոթանալ Հայաստանի պատմությանն ու ավանդույթներին։
«Խաղաղության մարտիկ» մրցումներին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Իրանի, Հունաստանի, Ղազախստանի և Ռուսաստանի զինված ուժերի ներկայացուցիչները: Մրցումներն անցկացվել են Երևանում, Դիլիջանում և Իջևանում: Մրցումների մասնակիցներն ուժերը չափել են ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» (կողմնորոշում տեղանքում, մարտական պատրաստության համալիր վարժություններ, բուժօգնության կազմակերպում), ռազմամարզական «Ատլետ», կրակային պատրաստության «Դիպուկահար», գրական-գեղարվեստական և պարային-երաժշտական «Տեր և տիկին», ռազմական պատմության գիտելիքների ստուգման «Էրուդիտ» մրցաձևերում:
«Խաղաղության մարտիկ» մրցումների բացման հանդիսավոր արարողությունը տեղի էր ունեցել օգոստոսի 3-ին` Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում: