Բաքու. Մենք կտրականապես մերժում ենք Փաշինյանի՝ «Ղարաբաղը Հայաստանն է» հայտարարությունը
Մենք կտրականապես մերժում ենք Հայաստանի վարչապետի հնչեցրած «Ղարաբաղը Հայաստանն է» հայտարարությունը: Լեռնային Ղարաբաղը՝ Ադրբեջանն է: Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի պատմական հողն է և նրա անբաժանելի մասը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը:
«Միջազգային հանրությունը ճանաչում և աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Լեռնային Ղարաբաղը և ինքնիշխանությունը: Ադրբեջանի պետությունն ու ժողովուրդը երբեք թույլ չեն տա՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնելու և Հայաստանի կողմից իրականացվող ռազմական օկուպացիայի և արյունոտ էթնիկ զտումների միջոցով մեր երկրի տարածքային ամբողջականությունը խախտելու փորձերը:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն այն մասին, թե «Ադրբեջանի օկուպացված տարածքները» հանդիսանում է Հայաստան և անջատողական ռեժիմը Հայաստանին միացնելու մասին նրա կոչերը հերթական բացահայտ ցուցադրումն է այն բանի, որ Հայաստանի իրական նպատակը օկուպացիան է:
Ադրբեջանի օկուպացված տարածքները Հայաստանին միացնելու կոչերը պետք է գնահատվեն, որպես անպատասխանատվություն և անհարգալից վերաբերմունք միջազգային հանրության և, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նկատմամբ, որոնք պատասխանատու են հակամարտությունը բանակցությունների միջոցով կարգավորելու համար», - ասել է Հիքմեթ Հաջիևը:
Նրա խոսքով, Հայաստանը՝ վարչապետի մակարդակով վիրավորում և ոտնահարում է միջազգային նորմերն ու սկզբունքները, ՄԱԿ-ի Կանոնադրությունը, Հելսինկյան եզրափակիչ ակտը և ոչնչացնում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը, որն անցկացվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ:
Հիքմեթ Հաջիևը հավելել է, որ ստեղծված իրավիճակի համար պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Հայաստանի վրա:
«Թող ոչ ոք չկասկածի նրանում, որ Ադրբեջանը կապահովի իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում և կապահովի իր էթնիկ մաքրման ենթարկված քաղաքացիների հայրենի հողեր վերադարձը», - ասել է նա: