26.11.2024
ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին
prev Նախորդ նորություն

Պետք է մեկ լեզվով խոսենք. իշխանության ներկայացուցիչների հանդիպումները Նինոծմինդայում

Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Կախա Օքրիաշվիլին (Ծալկայի և Դմանիսիի շրջանի մեծամասնական պատգամավոր), Սիմոն Նոզաձեն (Խաշուրիի շրջանի մեծամասնական պատգամավոր), Հենզել Մկոյանը (Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանի մեծամասնական պատգամավոր) և Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարարի տեղակալ Լիա Գիգաուրին այցելել են Նինոծմինդայի շրջանի Փոկա, Վլադիմիրովկա և Տամբովկա գյուղեր, որտեղ հանդիպել են տեղի բնակչության հետ, ծանոթացել են իրականացվող ենթակառուցվածքային աշխատանքներին, խոսել ապագա ծրագրերի և շրջանի բնակչությանը հուզող հարցերի մասին։


Ըստ վրացական մամուլի, Նինոծմինդայի շրջանում ընթանում են բնակչության շրջանում մեծ հետաքրքրություն ունեցող ենթակառուցվածքների շինարարական և վերականգնողական մի շարք աշխատանքներ։ Մասնավորապես՝ Փոկա գյուղում իրականացվում է ջրամատակարարման համակարգի վերականգման աշխատանքը, հանդիսությունների տան և հանրային դպրոցի վերանորոգումը, փողոցների լուսավորության տեղադրում, համայնքային կենտրոնի և մինի մարզադաշտերի կառուցում և այլն։


Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարարի գրասենյակի տեղեկատվությամբ, փոխնախարար Լիա Գիգաուրին կարևորել է տեղի բնակչության հետ հանդիպումը, քանի որ խնդիրների մասին տեղեկություն ստանալն անձամբ նրանցից առավել ստույգ է:

«Մենք տեղեկություններ ենք փոխանցում կառավարության կողմից իրականացված նախագծերի վերաբերյալ, խոսում ենք ապագա ծրագրերի մասին: Պետության բյուջեն հիմա է ծրագրվում, այսպիսով իրականացվող նախագծերը պետք է համաձայնեցված լինեն շրջանների բնակչության հետ, համապատասխանեն նրանց կարիքներին։


Ինչ վերաբերում է քաղաքացիական ինտեգրման ոլորտում առաջադրանքներին, ապա շատ կարևոր են պետական լեզվին տիրապետելու հետ կապված մարտահրավերները: Մենք պետք է մեկ լեզվով խոսենք, այդ լեզուն պետք է լինի պետականը: Այդ պատճառով, մեր կողմից ևս մեկ անգամ առաջարկվել է պետական լեզուն տարածող, դրանով շփվող շրջիկ խմբերով աշխատել։ Նրանք լավագույնս կօգնեն պետական լեզվին չտիրապետող քաղաքացիներին»,- ասել է Լիա Գիգաուրին: