27.11.2024
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարարի հետ
prev Նախորդ նորություն

Պայթել են այն վախի ձևաչափերը․ Սամվել Բաբայանը չի պատրաստվում ճանապարհներ արգելափակել

Մամուլի այն «լուսաբանումները», թե Սամվել Բաբայանը պատրաստվում է փակել միջպետական ճանապարհներ, չեն համապատասխանում իրականությանը, զուտ այն պատճառով, որ դա դեմ է Սամվել Բաբայանի պետականամետ դիրքորոշմանը և առհասարակ դեմ է առողջ հասարակարգի ձևավորման նրա մոտեցումներին։ Այս մասին հայտնում են Սամվել Բաբայանի գրասենյակից։


«Սամվել Բաբայանը շատ լավ գիտի Արցախի ազատագրման գինը և նրա պահպանման բոլոր երաշխիքները։ Արցախի ապակայունացմանը գնացող գործընթացները զուգահեռներ չեն կարող ունենալ Բաբայանի քաղաքական պատկերացումների հետ։ Ուստի կոչ ենք անում անձին արատավորող և նրա գաղափարներին դեմ գնացող այս մակարդակի հոդվածները գրելուց առաջ, ճշտել տվյալ կողմի դիրքորոշումը։


Եթե կա այսպիսի տեղեկություն, ապա կարող եք դիմել միմիայն այն համախմբված հակաբաբայանական խմբին, որ այսօր գործում է Արցախում՝ իշխանական բուրգին իր բոլոր մետաստազներով ու ածանցյալներով։ Սա ԱՀ իշխանության տարածած ապատեղեկատվությունն է, որով փորձում են բխեցնել հետագա իրենց անելիքները։ Իշխանությունը զավթած Բակո Սահակյանը, որը երրորդ անգամ առաջադրվեց նախագահի պաշտոնում ապօրինի, հակասահմանադրական ճանապարհով, որովհետև ըստ ԱՀ սահմանադրության. Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ ընտրվել Հանրապետության նախագահի պաշտոնում(ԱՀ սահմանադրություն գլուխ 4, հոդված 88, կետ 2) , այսօր ուժային կառույցների միջոցով փորձում է ահաբեկել մարդկանց։


Չի ստացվելու, պայթել են այն վախի ձևաչափերը, որոնք տարիներ շարունակ կիրառվել են Արցախում։ Այսօր հեռավոր 2000-ականներին վերադառնալը ուղղակի անիմաստ է և անկարելի։ Այսօր մարդիկ շատ լավ գիտակցում են, թե ուր են գնում և ինչի համար։ Իսկ օրենքով սահմանված հանրահավաքներ (ԱՀ սահմանադրություն գլուխ 2, հոդված 44) տեղի կունենան անպայման անօրեն իշխանություններին օր առաջ պետական կառավարումից հեռացնելու և օրինական ընտրություններ անցկացնելու համար, որտեղ ժողովուրդը կարտահայտի իր կամքը։


Սահմանադրական կարգը Արցախում վաղուց տապալված է և նոր տապալողներ, առավել ևս Սամվել Բաբայանի անձի շուրջ չփորձեք փնտրել։ Մենք աշխատելու ենք միայն օրենքով սահմանված կարգով, ապօրինությունները ձեզ են բնորոշ։ Կոչ ենք անում չխառնել դեմքերն ու դերերը», - ասված է հայտարարության մեջ։


Ավելի վաղ Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով, որ ավարտվել է նախաձեռնող խմբի կողմից Արցախի Սահմանադրության 48-րդ հոդվածում քաղաքացիական նախաձեռնությամբ հանրաքվեի միջոցով փոփոխություն կատարելուն ուղղված ստորագրահավաքը: Դրա կապակցությամբ Սամվել Բաբայանը մասնավորապես նշել է, որ ձևաթերթիկների տվյալները մշակելուց և հաշվարկից հետո, ստորագրությունների ողջ փաթեթը կներկայացվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ուսումնասիրությանը: Տեղերից ստացված ձևաթերթիկների ստորագրությունների քանակը 25.157 է: Ձևաթերթիկները մշակելուց հետո առկա ստորագրությունների քանակը ներկա պահին 22.855: