Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ-ն պետք է դառնա ԱՄՆ-ի ռազմավարական գործընկեր. կոնգրեսական
Հայաստանում Թավշյա հեղափոխությունը հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման նոր հնարավորություններ է բացել, արդեն՝ ռազմավարական մակարդակով: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ի հետ հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Հայաստանի հետ բարեկամության խմբի համանախագահ կոնգրեսական Ֆրանք Փալլոնը:
Կոնգրեսականը հեղինակել է հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության մասին օրենսդրական նախաձեռնություն, որը Ներկայացուցիչների պալատի կողմից հավանություն ստանալու դեպքում խրախուսելու է Միացյալ Նահանգների Պետքարտուղարությանը Հայաստանին որպես ռազմավարական դաշնակցի մոտենալ:
«Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանն ավելի ժողովրդավար է, այնտեղ իշխում է օրենքի գերակայությունը, խրախուսվում է ազատ շուկայի ձեւավորումը: Ուստի, սա հնարավորություն է մեր երկու երկրների միջեւ համագործակցության նոր հարթակ ստեղծելու համար, ոչ միայն ժողովրդավարական սկզբունքների, այլեւ՝ տնտեսական առումով, առեւտրի ոլորտներում»,-ընդգծել է նա:
Համագործակցության մեկ այլ ոլորտ՝ Հայաստանում պառլամենտարիզմի մշակույթի ձեւավորմանը Միացյալ Նահանգների աջակցությունն է: Կոնգրեսական Փալլոնը, ով առաջին անգամ Հայաստան էր այցելել դեռեւս Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո՝ իր հետ բերելով այդ օրերին անհրաժեշտ ամերիկյան օգնություն, իսկ վերջին անգամ Հայաստանում էր Թավշյա հեղափոխությունից ամիսներ առաջ՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի պատվիրակության կազմում, այժմ նշում է, որ Կոնգրեսի Հայաստանի հետ բարեկամության խումբը նախատեսում է հայ եւ ամերիկյան օրենսդիրների միջեւ 2019-ին այցերի փոխանակում կազմակերպել:
ժողովրդավարական արժեքներն ու օրենքի գերակայությունը հարգող Հայաստանը Միացյալ Նահանգների համար կարեւորագույն գործընկեր է, նշում է Ֆրանք Փալլոնը: Կոնգրեսականի խոսքով, ժողովրդավարական արժեքներից հայերին չեն կարող հետ պահել նույնիսկ Հայաստանի տարածքում տեղակայված Ռուսաստանի զորքերը.
«Արեւմուտքում համոզմունք կա, որ քանի որ Հայաստանում առկա է ռուսական ռազմաբազա եւ ռուսական զորքեր, երկիրը միանշանակ Ռուսաստանի ուղեծրի մեջ է: Ես դրան չեմ հավատում եւ մենք՝ Կոնգրեսում Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամներն իրականում հասկանում ենք, որ Հայաստանը կախված է Ռուսաստանից՝ ինքնապաշտպանության համար Թուրքիայի կողմից հնարավոր ներխուժման կամ Ադրբեջանի հետ հնարավոր պատերազմի դեպքում»: