26.11.2024
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բորիս Ջոնսոնին
prev Նախորդ նորություն

Մամուլ. Նախարարությունում ստեղծվում է երրորդ սեռի վարչություն

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (ԱՍՀՆ) կառուցվածքային փոփոխություններ է անում: Նոր կառուցվածքի նախագիծը, մեկ ամսից ավելի է, ինչ մուտք է արվել կառավարություն՝ կարծիքներ ստանալու նպատակով, բայց չի վերադարձվել: Հաստատումը ձգձգվում է, վարկած կա, որ ուշացման համար կաշկանդվածություն կա: Համակարգի ներսում լուրջ մտավախություն կա, որ փոփոխված նախագիծը հրապարակայնացնելով՝ հասարակության շրջանում մեծ աղմուկ կբարձրանա: Բանն այն է, որ նոր կառուցվածքում նախարար Զարուհի Բաթոյանը գաղտագողի խցկել է ՀՀ-ում երրորդ սեռի հիմնահարցերով զբաղվող վարչություն։ Ըստ մեր տեղեկությունների՝ նախարարության կառուցվածքում ձևավորվող «Հավասար հնարավորությունների ապահովման վարչությունը» քողարկված կերպով իրականում ծառայելու է միասեռականների իրավունքների պաշտպանությանը:


168.am-ի ձեռքին հայտնված կառուցվածքային փոփոխության նախագծում որոշակի բառախաղերով ձևակերպված վարչության անունն իսկապես կասկած էր հարուցում: Նախարարության՝ նոր կառուցվածքի մասին փաստաթղթում գրված է՝ այսուհետ ՀՀ ԱՍՀՆ աշխատակազմի հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի և նախարարության աշխատակազմի՝ ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչությունները կմիավորվեն մեկ վարչության մեջ՝ 3 առանձին բաժիններ կազմելով: Այսպես՝ 1. հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժին, 2. Տարեցների հիմնախնդիրների բաժին, 3. Գենդերային հավասարության և սեռական բռնության ենթարկված անձանց հիմնահարցերի բաժին:


Այլ կերպ ասած՝ նոր կառուցվածքի հաստատվելու դեպքում ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (ԱՍՀՆ) կպարտավորվի մեր երկրում ձևավորել նաև սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության միջավայր: Ավելին, այդ հիմնախնդիրների լուծմանն ուղղված քաղաքականություն կմշակվի, կարգավորող իրավական ակտեր կընդունվեն, օրենսդրական նախագծեր կմշակվեն: Նախարարության մեր աղբյուրները նշում են, որ Սոցապնախարարությունը, փաստորեն, գաղտագողի պատրաստվում է ԱԺ աշնանային նստաշրջանին քննարկվելիք Ստամբուլյան կոնվենցիայի հաղթանակին»: 


«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլի» պատգամավորները դեռ լիարժեք ռելաքսի մեջ չեն՝ նրանց մեծ մասը դեռ չի մեկնել հանգստանալու: ՍԴ-ի շուրջ զարգացումները եւ Ստամբուլյան կոնվենցիայի ընդունումը ստիպել են, որ «ոտքը կախ գցեն» Հայաստանում: ԱՄՆ-ից վերադարձած Լիլիթ Մակունցն օրերս հատ-հատ զանգահարում էր ֆրակցիայի պատգամավորներին, հանձնարարում` արձակուրդի ընթացքում անպայման կարդալ-ծանոթանալ-ուսումնասիրել Ստամբուլյան կոնվենցիան։ Այն անպայման պետք է սեպտեմբերին անցկացվի։ Եթե ձեր տեսակետը բացասական է, լռեք, պետք չէ խոսել, եթե դրական է, բարձրաձայնեք այս ընթացքում՝ հորդորել է նա: Ի դեպ, ֆրակցիայում պատգամավորներ կան, որոնք տեղեկացրել են, որ դեմ են կոնվենցիային, եւ հարցրել են` ինչո՞ւ ենք ամեն գնով ուզում ընդունել: Մակունցը պատասխանել է․ նախ` նախկիններն են այն ստորագրել, իսկ իրենք ընդամենը վավերացնում են, որովհետեւ դա Հայաստան-ԵՄ համաձայնագրի պարտավորություններից է բխում: Հակընդդեմ փաստարկները, որ կան երկրներ, ինչպես Մեծ Բրիտանիան, որ չեն վավերացրել, արձագանքի չեն արժանացել: Ի դեպ, պոտենցիալ դեմ քվեարկողների մեջ են Սոֆյա Հովսեփյանը, Թագուհի Թովմասյանը, Սասուն Միքաելյանը, Հովիկ Աղազարյանը, Սերգեյ Ատոմյանը: Ակտիվ կողմնակիցներն են ֆրակցիայի սորոսական եւ դրան հարող թեւը, որոնք արդեն իսկ հրապարակային քարոզչություն են անում՝ Մարիա Կարապետյան, Գայանե Աբրահամյան, Սոս Ավետիսյան եւ այլք»:


«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, չնայած ԱԺ-ն պաշտոնապես գտնվում է արձակուրդում, սակայն իշխանական խմբակցության անդամներին «շեֆակազմը» հորդորել է ուշիուշով հետեւել քաղաքական բոլոր զարգացումներին, մի մասին անգամ հանձնարարել են չբացակայել քաղաքից, քանի որ, ըստ տեղեկությունների, Փաշինյանի՝ արձակուրդից վերադառնալուց հետո, այսինքն՝ օգոստոսի սկզբին վարչապետի մակարդակով «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների հետ լինելու է փակ քննարկում՝ կապված դատական համակարգի շուրջ գործընթացների հետ։ Տեղեկություններ կան, որ հենց այդ հանդիպման ընթացքում իշխանությունները կքննարկեն, իսկ այնուհետեւ հանրային լայն շրջանակներին կներկայացնեն Սահմանադրության փոփոխությունների հարցը, մասնավորաբար արդեն կուլիսային շրջանակներում քննարկվող այն թեզը, որի համաձայն՝ Սահմանադրության՝ ՍԴ բաժնում նախատեսվում է իրականացնել փոփոխություններ՝ հանրաքվեի միջոցով»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի հայտնի նիստի արձանագրությունն ի վերջո հրապարակվել է: Եվ ինչպես կանխատեսվում էր, երկար սպասված արձանագրության մեջ բացակայում է նախարարի` «պասլատ անեիր քաղաքացուն» արտահայտությունը: «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ հայտնված արձանագրության մեջ նշված է, որ Արսեն Թորոսյանը, դիմելով Էդգար Խուրշուդյանին, ասել է, որ այն դիմումները, որոնք ուղղված են պետական քաղաքականության դեմ, «անտեսի»: Այստեղ հարկ ենք համարում նշել, որ խորհրդին ներկաներից առնվազն 4 հոգի լսել է, թե ինչպես է Թորոսյանը Խուրշուդյանին ասում` «պասլատ անեիր քաղաքացուն»: Բայց, արի ու տես, «պասլատ անեիր» արտահայտությունը փոփոխման է ենթարկվել եւ դարձել «անտեսել»: Հիշեցնենք` նախարարը տեւական ժամանակ չէր ստորագրում նիստի արձանագրությունը: ՈՒ հիմա անգամ խմբագրված արձանագրության տեքստում նկատվող «անտեսելու» հրահանգը ամենեւին չի բխում նախարարի գործառույթների բարեխղճությունից: Ի՞նչ է նշանակում «պետական քաղաքականության» դեմ ուղղված դիմումները պետք է անտեսել: Հիշեցնենք, որ տեսչության այս պետին արդեն Թորոսյանը հասցրեց փաստացի «ազատել աշխատանքից»:


«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Պաշտպանության նախարարությունում նոր կառուցվածքային փոփոխությունների ալիք է սկսվել։ Այդ փոփոխություններից «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես, ՊՆ-ի կառուցվածքը գլխիվայր փոփոխության է ենթարկվելու։ Գլխավոր վարչությունները կոնկրետ ուղղվածություն են ունենալու, իսկ ՀՀ պաշտպանության նախարարի աշխատակազմը ամբողջությամբ կազմաքանդվելու է, եւ դրա փոխարեն ստեղծվելու է գլխավոր քարտուղարություն։ Եվ մեր տեղեկություններով՝ այս ֆոնին նախարարության տարբեր վարչությունների աշխատակիցներին հասկացրել են, որ նախապատրաստվեն, կառուցվածքային փոփոխությունների արդյունքում նախարարությունում նաեւ կրճատումներ են սպասվում։ Ավելին, նախարարության ղեկավար կազմը հնաբնակ աշխատակիցներին հասկացրել է՝ փոփոխությունների արդյունքում առավել մեծ տեղ են տալու երիտասարդներին։ Մի խոսքով՝ ՊՆ–ում լուրջ զարգացումներ են»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Օրաթերթի տեղեկություններով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների եւ Սամվել Բաբայանի թիմակիցների լարվածությունն այս օրերին իր գագաթնակետին է հասել։ Արցախում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Սամվել Բաբայանը պլաններ ունի ստորագրահավաքի մերժման դեպքում իր թիմակիցների միջոցով փակել Արցախ տանող միջպետական ճանապարհները։ Այդ մասին տեղյակ են ԼՂՀ իշխանության ներկայացուցիչները, որոնք ամեն ինչ անում են՝ կանխելու ստեղծված իրավիճակը։ Իսկ ԼՂՀ ԿԸՀ-ն արդեն մոտավոր ունի այն ստորագրությունների թիվը, որը Ս. Բաբայանի համախոհները ներկայացրել են: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ՀՀ պաշտպանության նախկին փոխնարար Գագիկ Մելքոնյանի հետ, որը Սամվել Բաբայանին սատարողներից է: «Բակո Սահակյանի իշխանության վերջը եկել է: Հայաստանի օրինակը կա, Արցախը շատ լավ տեսել է: Ժողովուրդը ոտքի է կանգնելու եւ քշի տանի բոլորին: Որ արցախցին ոտքի կանգնեց, այնտեղ էլ ոչ ոք չի կարող խաղ տալ»,-նշեց Մելքոնյան»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը չի մասնակցել Սահմանադրական դատարանի որևէ նիստի՝ չընդունելով դատարանի լեգիտիմությունը: ՍԴ-ում լրջորեն քննարկվում է նրա նկատմամբ կարգապահական վարույթ սկսելու հարցը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նախշուն Տավարացյանի՝ ԲԴԽ անդամի պաշտոնից հրաժարվելու փաստը դատական իշխանության ներսում քննարկման թոփ թեմա է դարձել։ Շատերը չեն հասկանում՝ ինչ իմաստ ուներ «կյանքի գնով» դառնալ ԲԴԽ անդամ ու հրաժարվել դրանից։ Տավարացյանի մտերիմներից մեկը տեղեկացրեց, որ իրականում նա ի սկզբանե էլ չի ցանկացել գործուղվել ԲԴԽ, բայց քանի որ իր դեմ է դուրս եկել համայնքի մեծ մասը, հանուն «պրինցիպի» որոշել է ապացուցել, որ ինքը կարող է, ու գործընթացն էլ հակաօրինական է, բայց իր ուզածին հասնելուց հետո հրաժարվել է ԲԴԽ անդամությունից։ Հիշեցնենք, որ դեռ անցած նոյեմբերին դատավորների ժողովում ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրվել էր 3 դատավոր՝ վճռաբեկ դատարանի դատավորներից։ Եվ ամենաբարձր քվեները ստացել էր Սուրեն Անտոնյանը, բայց ժողովը հանկարծ հիշել էր, որ գենդերային սկզբունքով պետք է ԲԴԽ անդամի թափուր տեղը համալրի կին, եւ այդ պատճառով ամենացածր քվեները ստացած Նախշուն Տավարացյանը համարվեց «հաղթող»։ Շուրջ 9 ամիս վճռաբեկում լարված մթնոլորտ էր. Անտոնյանի կողմնակիցներն ամեն ինչ անում էին, որ նրա ընտրությունը ճանաչվի, բայց հուլիսի 11–ի ժողովում Տավարացյանը որոշեց երդվել։ Արդյունքում կրկին աղմուկ բարձրացավ, գործընկերները համարեցին, որ դա անօրինական է, եւ այդ հարցը ներկայացվեց ԲԴԽ դատին, սակայն ԲԴԽ-ն որոշեց, որ ամեն ինչ օրինական է, որից հետո նա ինքնակամ հրաժարվեց։ Հիմա կրկին խոսվում է, որ գենդերային հիմունքներով կին պետք է լինի ԲԴԽ՝ վճռաբեկից ընտրված դատավորը։ Եվ հնչում է Ռուզան Հակոբյանի անունը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության՝ 28-ը հազիվ բոլորած նախարար Ռուստամ Բադասյանը նախարարի պաշտոնում աշխատանքը սկսեց փոխնախարար Տիգրան Խաչիկյանին ազատելուց, որը, ի դեպ, նախարարի ուսանողական ընկերներից է եւ ՔՊ-ի կադրային բանկից էր նշանակվել՝ 3 ամիս առաջ: Մենք փորձեցինք Տիգրան Խաչիկյանից մեկ անգամ էլ ճշտել՝ ինչո՞ւ իրեն ազատեցին աշխատանքից։ «Բադասյանն ասաց, որ ցանկանում է իր թիմով աշխատել»: Միայն դա՞, այլ պատճառաբանություններ` աշխատանքի հետ կապված, չե՞ն եղել։ «Ոչ, որեւէ այլ` մասնագիտական, մարդկային չափորոշիչ չի վկայակոչվել։ Այդ 3 ամիսների ընթացքում ես ակտիվ աշխատում էի, գտնում, որ առաջնահերթ բարեփոխումներ պետք է տեղի ունենան քրեակատարողական հիմնարկներում, չհայտարարված այցերի պրակտիկան մտցրեցի, ինչը չափազանց արդյունավետ գործիք է` օպերատիվ վիճակին տեղում ծանոթանալու, արձանագրելու, լուծում տալու համար… հնարավոր է` իմ ակտիվությունն ընդունելի չէր իրենց համար, ու եթե անկեղծ, ես եւս ընդունելի չէի համարում մեր համատեղ աշխատանքը՝ արժեհամակարգերի տարբերություն կար»։ Դուք ուսանողական ընկերնե՞ր եք եղել։ «Որպես այդպիսին` ոչ, մեկ տարվա տարբերությամբ ենք ուսանողներ եղել»: Ձեր վերաբերմունքն ինչպիսի՞ն է Ստամբուլյան կոնվենցիային։ «Կոնվենցիան, գոնե այս պահին, իր առանձին դրույթներով ենթակա է լրացուցիչ մեկնաբանության»։ Հնարավո՞ր է աշխատանքից ազատման պատճառը դա էր։ «Պետք է իրենց հարցնել»:


«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, չնայած ԱԺ-ն պաշտոնապես գտնվում է արձակուրդում, սակայն իշխանական խմբակցության անդամներին «շեֆակազմը» հորդորել է ուշիուշով հետեւել քաղաքական բոլոր զարգացումներին, մի մասին անգամ հանձնարարել են չբացակայել քաղաքից, քանի որ, ըստ տեղեկությունների, Փաշինյանի՝ արձակուրդից վերադառնալուց հետո, այսինքն՝ օգոստոսի սկզբին վարչապետի մակարդակով «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների հետ լինելու է փակ քննարկում՝ կապված դատական համակարգի շուրջ գործընթացների հետ։ Տեղեկություններ կան, որ հենց այդ հանդիպման ընթացքում իշխանությունները կքննարկեն, իսկ այնուհետեւ հանրային լայն շրջանակներին կներկայացնեն Սահմանադրության փոփոխությունների հարցը, մասնավորաբար արդեն կուլիսային շրջանակներում քննարկվող այն թեզը, որի համաձայն՝ Սահմանադրության՝ ՍԴ բաժնում նախատեսվում է իրականացնել փոփոխություններ՝ հանրաքվեի միջոցով»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Մուլտի Ագրո» ընկերության սեփականատեր Ռոզա Ծառուկյանը երեկ առավոտյան վճարել է ընկերության աշխատակիցների արդեն մի քանի ամիս չվճարած աշխատավարձը: Դա տեղի է ունեցել աշխատավարձերը չվճարելու մասին մեր երեկվա հրապարակումից հետո: Աշխատավարձերը վճարելուց հետո տիկին Ծառուկյանը կարգադրել է ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանին հերքել մեր լուրը»:


«Փաստ» թերթը գրում է. «Լոռու մարզում, հատկապես Ալավերդու տարածաշրջանի գյուղերում եւս խուլ դժգոհություններ են հասունանում՝ կապված ծառահատումների քրեականացման փաստի հետ։ Խնդիրը առավել ակտուալ է անտառներով հարուստ գյուղերում, որտեղ մարդկանց հիմնական ապրուստի միջոցը, ինչպես նաեւ ձմռան վառելիքի հարցի լուծման հիմնական տարբերակը մոտակա անտառից օգտվելն է։ Դեռեւս մեծ բողոքի ակցիաների մասին խոսակցություններ չկան, սակայն «Փաստին» հասած տեղեկություններով,  ժգոհությունները գնալով շատանում են։ Միեւնույն ժամանակ մարզում բավական խիստ վերահսկողություն է սահմանված։ Ի դեպ, տեղից ստացվող տեղեկությունների համաձայն, վառելափայտի առեւտրով զբաղվողները կամ լքել են գյուղերի տարածքները, կամ ուղղակի անտառում դեռեւս չեն երեւում՝ խուսափելով իրավապահների հետ առճակատվելուց»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Սիսիանի ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Աշոտ Մինասյանի որդին՝ Տարոն Մինասյանը, ազատվել է Կենտրոնական բանկում Սիսիանի տարածքային դրամարկղային կենտրոնի տնօրենի պաշտոնից։ ԿԲ-ից մեզ պաշտոնապես ասացին, թե Մինասյանն իր դիմումի համաձայն է ազատվել պաշտոնից։ Իսկ իրականում «իր դիմումը», ինչպես տեղեկացանք, գրվել է պարտադրանք-առաջարկով։ Ինքը՝ Տարոն Մինասյանն էլ հաստատեց, որ իր դիմումի համաձայն է ազատվել։ Իսկ ո՞րն է եղել պատճառը։ «Դե, ուղղակի, տենց եմ որոշել»։ Ձեզ ստիպե՞լ են, որ այդպես որոշեք, ճնշո՞ւմ են գործադրել կամ համոզե՞լ են։ «Կարելի է ասել՝ առաջարկել են»։ Մինասյանն ասաց նաեւ, որ երեւի իր կարիքն էլ չեն զգացել, ու չցանկացավ այլեւս մեկնաբանել։ Ի դեպ, հեղափոխությունից հետո նոր իշխանությունները նաեւ Մինասյանի հորը՝ Սիսիանում մեծ հարգանք վայելող Աշոտ Մինասյանին էին ազատել ՊԵԿ-ում՝ Սյունիքի մաքսատան պետի պաշտոնից»: