26.11.2024
ՍԴ-ն կասեցրել է Քոչարյանի գործով առաջին ատյանի դատարանի դիմումի հիման վրա գործի վարույթը
prev Նախորդ նորություն

Պետության հետ վերջնագրերով խոսելն անթույլատրելի է. Օսիպյանը՝ Տավուշի մարզում

Հուլիսի 23-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերի Օսիպյանը ոստիկանության Տավուշի մարզային վարչության և ենթակա բաժինների անձնակազմին ներկայացրեց վարչության նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանին: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:


Արմեն Գասպարյանը ոստիկանության համակարգում ծառայում է շուրջ 23 տարի, զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ օպերլիազորից մինչև մարզային վարչության պետ: Մինչ այս, զբաղեցնում էր ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի պաշտոնը:


ՀՀ ոստիկանության պետը շնորհակալություն հայտնեց վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարին ծառայության համար և վստահեցրեց, որ ոստիկանության Տավուշի մարզային վարչության անձնակազմը Արմեն Գասպարյանի ղեկավարությամբ էլ ավելի սրտացավ ու բարեխիղճ ծառայություն կիրականացնի:


Ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը շնորհակալություն հայտնելով վստահության համար, հավաստիացրեց, որ վարչության անձնակազմը իր առջև դրված ցանկացած խնդիր կլուծի պատվով ու բարձր պատասխանատվությամբ:


Վալերի Օսիպյանը անդրադարձավ նաև վերջերս Տավուշում տեղի ունեցած դեպքերին: Նա ևս մեկ անգամ վերահաստատեց, որ պետության հետ վերջնագրերով խոսելն անթույլատրելի է: Իսկ ինչ վերաբերում է ապօրինի ծառահատումներին՝ ապա ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը, և բոլոր այն անձինք, որոնք կզբաղվեն ապօրինի ծառահատումներով, հայտնաբերվելու և ենթարկվելու են պատասխանատվության:


Ելույթ ունեցավ նաև Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: Նա շնորհակալություն հայտնեց ոստիկանությանը բարեխիղճ ծառայության համար և պատրաստակամություն հայտնեց միասին պայքարելու հակաօրինական դրսևորումների դեմ:


Քննարկվեցին ոստիկանության Տավուշի մարզային վարչության գործառույթներին վերաբերող այլ հարցեր ևս: