Հուլիսի 19-ին Բոստոնում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ միասին հանդիպել է հայ համայնքին։ Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։
Իր ելույթի ընթացքում Տիգրան Ավինյանն ասել է, որ ավելի քան երկու տասնամյակ տևած տնտեսական անցումային շրջանից հետո Հայաստանը ակնհայտ մարտահրավեր ունի` առաջանցիկ տեմպերով բարելավելու տնտեսության արտադրողականությունը և մրցունակությունը։ Այս նպատակին հասնելու ճանապարհին Հայաստանում առանցքային դեր է խաղալու մարդկային ներուժի շարունակական զարգացումը, հետևապես` կառավարության առաջնահերթությունն է կրթության, գիտության և առողջապահական ծառայությունների որակի և հասանելիության բարձրացումը, դրանք առավել մարդակենտրոն դարձնելը։
Փոխվարչապետը նշել է, որ ժամանակակից աշխարհում որևէ երկիր չի կարող հասնել կայուն զարգացման բարձր մակարդակի առանց գիտելիքների և տեխնոլոգիաների ու մարդկային ներուժի զարգացման, և կառավարությունն առավելագույնս նպաստելու է նորարարական գաղափարների ու նախաձեռնությունների իրականացմանը։ Նա համոզմունք է հայտնել, որ հայության ստեղծարար ներուժը ունակ է բավարարելու ոչ միայն մեր, այլև միջազգային հանրության կարիքները, և կարող ենք արժեք ստեղծել ամբողջ աշխարհի համար: Առաջիկա տարիների համար առաջնահերթություն է լինելու ապրանքների և մասնագիտական ծառայությունների արտահանման խթանման վրա հիմնված, ավելի արտադրողական աշխատատեղերի ստեղծմանը նպաստող տնտեսական քաղաքականությունը:
Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ վերոնշյալ նպատակների հասնելու համար պետք է ներգրավել աշխարհասփյուռ հայությանը տաղանդն ու եռանդը: Այս առումով կառավարությունն ակնկալում է Սփյուռքի զգալի մասնակցությունը երկրում ընթացող տնտեսական բարեփոխումներին և մտադիր է Հայաստան-Սփյուռք գործընկերությանը հաղորդել նոր որակ: Այս առումով, Հայաստան-Սփյուռք հարաբերությունները պահանջելու են տևական, համբերատար և հստակ քայլեր ենթադրող քաղաքականություն, որը ներառելու է տնտեսական և գործարար կապերի ամրապնդում Հայաստանի և Սփյուռքի միջև, հայրենադարձության կազմակերպման ծրագրերի մշակում, այդ թվում մասնագիտական հայրենադարձության, սփյուռքի ներուժի բացահայտմանն ուղղված հետազոտություններ և ներգրավում, հայկական միջավայրից հեռացած շրջանակներին՝ մասնավորապես երիտասարդությանը դեպի համայնքային կյանք ներգրավումը խթանող, Հայաստանը և հայկականությունը գրավիչ դարձնող աշխատանքների իրականացում:
Փոխվարչապետը հայրենակիցներին կոչ է արել գիտելիքի և փորձի փոխանակման ճանապարհով ակտիվորեն ներգրավվել նոր Հայաստանի կառուցման աշխատանքներին:
Այնուհետև տեղի է ունեցել մտքերի փոխանակում Բոստոնի հայ համայնքին հուզող թեմաների շուրջ: Ի շարս այլ հարցերի քննարկվել են ՀՀ-ում վերականգնվող էներգետիկայի զարգացմանը, Սևանի աղտոտվածության կանխարգելմանը, աղբի վերամշակմանը վերաբերող հարցեր:
Բոստոնում Տիգրան Ավինյանը ծաղիկներ է խոնարհել Հայոց մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: