Իվանիշվիլին Սահակաշվիլիի կուսակցությանը մեղադրել է տնտեսությունը խորտակելու փորձի մեջ
Վրաստանի «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության անդամները, որի հիմնադիրը հանրապետության նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին է, փորձում են խորտակել երկրի տնտեսությունը եւ խանգարել զբոսաշրջության զարգացմանը: Այս մասին լրագրողներին հայտարարել է «Վրացական երազանք - Դեմոկրատական Վրաստան» կառավարող կուսակցության հիմնադիր եւ նախագահ Բիձինա Իվանիշվիլին՝ մեկնաբանելով ընդդիմադիր հեռուստաալիքի եթերում հայհոյանքը Ռուսաստանի իշխանությունների հասցեին:
«Անշուշտ այն, ինչ տեղի ունեցավ «Ռուսթավի 2» հեռուստաալիքում, ամոթալի է երկրի, մեր մշակույթի համար: Այն հայհոյանքը, որը մենք լսեցինք ձեր հեռուստատեսությամբ, անշուշտ, կդատապարտի ամբողջ հասարակությունը: Չնայած «Ազգային շարժման» փորձերին Վրաստանում դադարեցնելու զբոսաշրջությունը, խորտակելու տնտեսությունը, առեւտուրը, մենք ամեն ինչ կանենք, որպեսզի զարգացնենք երկիրը եւ բարելավենք տնտեսությունը: Իհարկե, ես դատապարտում եմ Գվարամիայի եւ Գաբունիայի արարքները: Դա պետք է դատապարտեն բոլոր վրացիները: Դա բացարձակապես ոչ վրացական եւ անկուլտուրական ելույթ էր»,- ասել է Իվանիշվիլին: