25.11.2024
Ատոմակայանը հունիսից պլանային անջատման տակ է, որեւէ միջուկային վտանգ չկա
prev Նախորդ նորություն

Սկզբում անջատվել է Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, հետո՝ Երեւանի ՋԷԿ-ը. հայտարարություն

էլեկտրաէներգետիկական համակարգում տեղի են ունեցել հաճախականության տատանումներ, որի հետեւանքով աշխատել են արտադրող կայանների պաշտպանական համակարգերը։ Այս մասին հայտարարություն է տարածել Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը:


«Սկզբում անջատվել է Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, այնուհետեւ Երեւանի ՋԷԿ-ը եւ ավելի փոքր արտադրողներ։ Այս պահին համակարգում հաճախականության տատանումներ չկան, կայունությունը վերականգնված է։ Տարվում են վթարավերականգնողական աշխատանքներ, էլեկտրաէներգիայի մատակարարումն աստիճանաբար վերականգնվում է։ Կստեղծվի աշխատանքային խումբ վթարի պատճառների ուսումնասիրման նպատակով։ Արդյունքների մասին հանրությունը լրացուցիչ կտեղեկացվի»,-ասված է հայտարարության մեջ:


Այսօր ժամը 12.30-ից էլեկտրականության խափանումներ են հանրապետության տարածքում: Հանրապետությունում համատարած հոսանքազրկումների հետեւանքով Երեւանի փողոցներում խցանումներ են առաջացել: Խաչմերուկներում չեն գործում լուսացույցները, ինչի հետեւանքով անկառավարելի վիճակ է առաջացել փողոցներում:


Այս առնչությամբ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնել է. «Ունենք վթար էներգետիկ համակարգում։ Երեւանի ՋԷԿ-ը եւ Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։ Աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրը մինչեւ երեկոյան ժամը 7-ը կարգավորվի»: