ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ դեմ է Վրաստանի նկատմամբ պատժամիջոցների սահմանմանը հենց «վրաց ժողովրդի նկատմամբ ունեցած հարնգանքից» ելնելով:
Ինչպես հայտնում է Կոմերսանտը, ՌԴ նախագահն այդ մասին հայտարարել է Եկատերինբուրգում: «Ես դա չէի անի (պատժամիջոցներ չէի կիրառի)՝ հենց վրաց ժողովրդի հանդեպ հարգանքից ելնելով»,- ասել է ՌԴ նախագահը լրագրողներին: «Ինչ-որ մեկը, ինչ-որ բան է հայտարարել՝ փորձելով իրենից ինչ-որ բան ներկայացնել», - ասել է նախագահը:
Ավելի վաղ նման նախաձեռնությամբ էր հանդես եկել ՌԴ խորհրդարանի ստորին պալատը՝ Պետդուման: Պատճառը «չդադարող հակառուսական սադրանքներն են»:
Նախագահը նաև մեկնաբանել է իրեն վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում վիրավորած հաղորդավար Գեորգի Գաբունիայի դեմ քրեական գործ հարուցելու հարցը: «Մեծ պատիվ կլինի ինչ-որ քրեական գործեր հարուցելը, թող շարունակեն հեռարձակել»,- ասել է ՌԴ նախագահը:
Վրաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման թեման ՌԴ-ում սկսեցին ակտիվորեն քննարկել այն բանից հետո, երբ անցած կիրակի երեկոյան «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիան իր «P.S.» հեղինակային ծրագիրը սկսեց ՌԴ նախագահի հասցեին հայհոյանքներ տեղալով:
Մեծ թվով օգտատերեր, Վրատսանի քաղաքացիներ ու պաշտոնական շրջանակներ քննադատել են Գաբունիային և մտավախություն հայտնել, որ վրաց-ռուսական հարաբերությունները կարող են է՛լ ավելի սրվել:
Հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան հայտարարել է, որ անթույլատրելի է համարում հայհոյանքը եթերում, թեև կիսում է հեռուստահաղորդավարի կարծիքը:
Վրաստանում մի քանի հարյուր մարդ եթերից հետո հավաքվել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության շենքի մոտ՝ պահանջելով ազատել աշխատանքից հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիային, որն ուղիղ եթերում հայհոյել ու վատ է արտահայտվել Ռուսաստանի Դաշնության նախագահի հասցեին:
Այս առնչությամբ քննադատությամբ են հանդես եկել և՛ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, և՛ երկրի ԱԳՆ-ն՝ քննադատելով հաղորդավարի ելույթը և այն սադրանք որակելով: