27.11.2024
Մամուլ. Գազի հարցը՝ դամոկլյան սուր. 2020 թվականը շատ մոտ է
prev Նախորդ նորություն

Հայաստանը գտնվում է տնտեսական փոխակերպման գործընթացում. Փաշինյան

Շարունակվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Սինգապուր: Հուլիսի 8-ին վարչապետ Փաշինյանը և նրա գլխավորած պատվիրակության անդամները կլոր-սեղան ձևաչափի շրջանակում հանդիպում-քննարկում են ունեցել «Սինգապուրի բիզնես ֆեդերացիա» հիմնադրամի ներկայացուցիչների հետ:


Ողջունելով հյուրերին` «Սինգապուրի բիզնես ֆեդերացիա» հիմնադրամի գործադիր տնօրեն Հո Մեն Կիթը կարևորել է Հայաստանի վարչապետի և կառավարական պատվիրակության հետ հանդիպումը: Նրա խոսքով` այն լավ հնարավորություն է հայ-սինգապուրյան գործարար կապերը զարգացնելու, դրանց նոր շունչ հաղորդելու և համատեղ ծրագրեր նախաձեռնելու համար: Նա նշել է, որ սինգապուրցի գործարարները հետաքրքրված են Հայաստանում տարբեր ոլորտներում գործունեություն ծավալելու հարցում և պատրաստ են ծանոթանալ մեր երկրի ներդրումային հնարավորություններին, քննարկել համագործակցության հեռանկարները: «Սինգապուրի բիզնես ֆեդերացիա» հիմնադրամի գործադիր տնօրենը նշել է, որ Եվրասիական տնտեսական միության և Սինգապուրի միջև կնքվելիք ազատ առևտրի մասին պայմանագիրը ևս գործուն հնարավորություն է բիզնես կապերի ակտիվացման համար, և Հայաստանը կարևոր հարթակ կարող է լինել երրորդ երկրների շուկաներ դուրս գալու համար:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ուրախ է հյուրընկալվել «Սինգապուրի բիզնես ֆեդերացիա» հիմնադրամում և քննարկել տնտեսական կապերի զարգացման հարցեր: «Մեր քաղաքական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Հուսով եմ` այս այցից հետո դրանք էլ ավելի կամրապնդվեն, կակտիվանա նաև տնտեսական համագործակցությունը: Հայաստանը գտնվում է տնտեսական փոխակերպման գործընթացում, և մենք շարունակական աշխատում ենք տնտեսական աճի, գործարարությամբ զբաղվելու համար նպաստավոր պայմանների ստեղծման ուղղությամբ», - նշել է ՀՀ վարչապետը:


Վարչապետն անդրադարձել է ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված բարեփոխումներին` խոսելով հարկային և մաքսային ոլորտի բարելավման ուղղությամբ իրականացվող քայլերի մասին, նաև դատական համակարգի բարեփոխումների մասին, որոնք ուղղված են օտարերկրյա ներդրումների պաշտպանության երաշխիքների ստեղծմանը:


Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում նախորդ տարի տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը, քաղաքական արմատական փոփոխությունները տնտեսական ցնցումներ չեն առաջացրել, բանկային համակարգը շարունակել է կայուն աշխատել, չի արձանագրվել սեփականության վերաբաշխման որևէ դեպք, ինչը պայմանավորված էր այդ իրադարձությունների ոչ բռնի և խաղաղ բնույթով: Կառավարության ղեկավարը ներկայացրել է վերջին ամիսների մակրոտնտեսական ցուցանիշները` նշելով, որ դրանք շարունակական աճ են արձանագրում և անդրադարձել այն ոլորտներին, որտեղ համագործակցության ներուժ կա՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, օդային հաղորդակցություն, զբոսաշրջություն, այդ թվում` էկո-, գաստրոտուրիզմ, սննդարդյունաբերություն, օդային հաղորդակցություն, ենթակառուցվածքներ և այլն: «Սինգապուրի զարգացման ուղին և կուտակած մեծ փորձը հետաքրքիր են Հայաստանի համար և կարող են օգտակար լինել մեր հետագա բարեփոխումների գործընթացում: Շահագրգռված ենք փորձի փոխանակմամբ և համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմամբ», - հավելել է Նիկոլ Փաշինյանը:


Այնուհետև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի ՏՏ ոլորտի ներուժը, զարգացման միտումները, թվայնացման ուղղությամբ տարվող աշխատանքները և համագործակցության հնարավորությունները, իսկ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը մանրամասն ներկայացրել է Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում առկա ներուժը և փոխգործակցության համար հեռանկարային ուղղությունները:


«Սինգապուրի բիզնես ֆեդերացիա» հիմնադրամի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ՀՀ վարչապետին և նրա գլխավորած պատվիրակությանը` մանրամասն տեղեկատվություն ներդրումային հնարավորությունների մասին ներկայացնելու համար և նշել, որ հետաքրքրված են մեր երկրում ներդրումներ կատարելու հարցում. առաջիկայում նախատեսում են այցելել Հայաստան և ծանոթանալ այդ հնարավորություններին: Հանդիպմանը մասնակցում էին վերամշակող արդյունաբերության, հյուրանոցային բիզնեսի, տեքստիլ արդյունաբերության, գյուղատնտեսական ապրանքների ներմուծմամբ և արտահանմամբ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում մասնագիտացած ընկերությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել` կազմակերպել բիզնես պատվիրակությունների փոխայցեր Հայաստան և Սինգապուր` տեղում ներդրումային և համագործակցության հնարավորություններին ծանոթանալու համար:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև տեղեկացրել է, որ այս տարվա հոկտեմբերին Հայաստանում տեղի է ունենալու Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի ամենամյա համաժողովը և հրավիրել Սինգապուրի ՏՏ ոլորտի ձեռնարկություններին` մասնակցելու բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի այդ կարևոր միջոցառմանը: «Սինգապուրի բիզնես ֆեդերացիա» հիմնադրամի գործադիր տնօրենը նշել է, որ տեղեկատվությունը և հրավերը կփոխանցի Սինգապուրի համապատասխան ասոցիացիայի ղեկավարությանը: