«Ռուսթավի 2» հեռուստաընկերության լրագրող Գիորգի Գաբունիան նախօրեին ուղիղ եթերում հայհոյել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին:
Գաբունիան իր հեղինակային «Պոստսկրիպտում» հաղորդման մեկնարկը տվել է ռուսերենով, դիմելով «մեծ ընկեր, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին», ողջունել նրան, ապաև սկսել հայհոյել: Ընդ որում, սեռական բնույթի հայհոյանքները հասցեագրված են եղել ոչ միայն Պուտինին, այլ ՌԴ նախագահի հանգուցյալ ծնողներին ու վերջիններիս շիրիմներին:
Այս ելույթը կարճ ժամանակահատվածում ուղղակի պայթեցրեց սոցիալական ցանցերը: Բացառապես բոլորը՝ թե՛ քաղաքացիները, թե՛ քաղաքական գործիչները դատապարտեցին նման անթույլատրելի պահվածքը:
Անմիջապես բողոքի ակցիա հրավիրվեց հեռուստաընկերության դիմաց, որի մասնակիցները հավաքվել էին «մեզ հարկավոր է կայունություն, բողոքարկենք «Ռուսթավի 2-ի սադրանքը»» կարգախոսի ներքո:
Գաբունիայի հայտարարությունը դատապարտեց նաև երկրի ղեկավարությունը՝ ի դեմս նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և վարչապետ Մամուկա Բախտաձեի:
«Նախագահը դատապարտում է հարևան երկրի ղեկավարի հասցեին հնչեցրած սադրիչ և վիրավորական թերմինները: Հայրենասիրությունն այլ բան է, պաշտպանել երկրի շահերը ագրեսիայով, անկայունությամբ ու անկարգություններով ճիշտ ուղի չէ: Մեր ուղին խաղաղ է, մեր հեռանկարը՝ Եվրոպան, մեր ուժը կայունության մեջ է: Երկրի բաժանումը երկու ճամբարի, արտաքին դիմակայության դրդումը և իրավիճակի լարումը տարածաշրջանում անընդունելի է: Ինչի՞ն է ծառայում դա՝ նոր պատերազմի կամ ռևանշի, անվերջանալի հեղաշրջմա՞ն: Ամեն դեպքում, այս գործողություններն ուղղված են երկրի դեմ: Այն, ինչ թույլատրելի չէ Վրաստանին, նա թույլ տվեց իրեն: Սա կոչվում է վնասել երկրի շահերին», – ասված է Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարության մեջ:
Վարչապետ Մամուկա Բախտաձեն իր հերթին այս ամենը անվանել է «սադրիչների պատերազմ իր երկրի դեմ»:
«Այն, ինչ վրաց հասարակությունը այսօր տեսավ« Ռուսթավի 2»-ի եթերում, բացարձակապես անընդունելի է: Ես միանշանակ գնահատում եմ այս կոչը որպես սադրանք, որպես Վրաստանին եւ խաղաղությանը հսկայական սպառնալիք պարունակող ուղերձ: Վստահ եմ, որ Վրաստանի բոլոր քաղաքացիները ու մեր երկրի բոլոր բարեկամները զերծ են նման արկածախնդրությունից, բոլոր ողջամիտ մարդիկ կգնահատեն այս փաստը որպես քաղաքական վտանգավոր սադրանքի դրսեւորում », - հայտարարել է Վրաստանի վարչապետը: