ԼՂ հիմնահարցում միակողմանի զիջումների սցենարը բացառվում է. ԱԳՆ խոսնակ
Խաղաղությանը նպաստող միջավայրի ձեւավորումն առաջնահերթություն է Հայաստանի համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Մենք չենք հավատում, որ հնարավոր է արդյունավետություն արձանագրել բանակցային գործընթացում, եթե տեղում կա իրադրության լարում»,- նշեց ԱԳՆ խոսնակը:
Նաղդալյանն ասաց, որ այն ենթադրությունը, թե Հայաստանը կարող է բանակցել սպառնալիքի ներքո, շատ վտանգավոր ենթադրություն է. «Որովհետեւ Հայաստանը մշտապես խոսել է խաղաղության դիրքերից, Հայաստանը մշտապես խոսել է բոլորի համար ընդունելի լուծում գտնելու անհրաժեշտության դիրքերից, սակայն սա չի նշանակում, որ Հայաստանը խաղաղության համար պատրաստ է գնալ միակողմանի զիջումների, որոնք վտանգի տակ են դնում Արցախի ինքնորոշման իրավունքն ու անվտանգությունը։ Այն ենթադրությունը, որ միակողմանի զիջումների սցենարն իրական է, բացառվում է ու իրականությանը չի համապատասխանում»,- ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակը: