Իրավունքը Հայաստանում այլևս էլիտար շնորհ չպետք է լինի. Նիկոլ Փաշինյան
Մեր նպատակադրումը և մտածումը հետևյալն է, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի Դատախազության աշխատողի օրը համարի նաև իր օրը, որովհետև դատախազության բովանդակային ամենաէական գործառույթն ի վերջո քաղաքացիների իրավունքները և պետության շահերը և արժեքները պաշտպանելը և պահպանելն է:
Այս մասին իր ելույթում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության դատախազության ստեղծման 101-րդ տարեդարձի և Դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:
Նրա խոսքով, իրավունքը Հայաստանի Հանրապետությունում այլևս էլիտար շնորհ չպետք է լինի: «Յուրաքանչյուր քաղաքացի պետք է վստահ լինի, որ այս համազգեստը և այս ուսադիրները կրող մարդիկ անմնացորդ ծառայում են յուրաքանչյուր քաղաքացու իրավունքին՝ անկախ նրա կարգավիճակից, սոցիալական դիրքից, ծագումից, ապրելու վայրից, աշխատանքից և զբաղմունքից: Եվ այս առաքելությունը, իսկապես, պատմական, շրջադարձային և, ես չեմ վախենա ասել նույնիսկ՝ հեղափոխական նշանակություն ունի:
Այս առումով ուզում եմ ասել, որ վերջին մեկ տարվա ընթացքում դատախազության գործունեությունը գնահատում եմ արդյունավետ: Սա չի նշանակում՝ անթերի, ես կարծում եմ՝ մեզանից ոչ մեկի գործունեությունն անթերի չէ, և, ցավոք, դժվար է ասել` կկարողանանք մենք հասնել կատարելիության, թե ոչ: Բայց վերջին մեկ տարվա ընթացքում ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության դատախազությունը հստակ ի ցույց դրեց, որ Հայաստանի Հանրապետության դատախազությունն իսկապես նոր Հայաստանի դատախազություն է և պատրաստ է իրականացնել այն առաքելությունը, պատրաստ է կատարել այն գործառույթը, որ Հայաստանի Հանրապետության իշխանության բարձրագույն կրողը՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, դնում է նրա առաջ», - ասված է Փաշինյանի ելությում: