«Բոլորը բոլորի դիմաց սկզբունքի» կիրառումը չէ. ԱԳՆ-ը՝ Կարապետյան-Իբրահիմով փոխանակման մասին
Քաղաքացի Զավեն Կարապետյանի հայրենիք վերադարձի գործընթացը «բոլորը բոլորի դիմաց սկզբունքի» կիրառում չէ: Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Զավեն Կարապետյանի հայրենիք վերադարձը «բոլորը բոլորի դիմաց» գործընթացի շրջանակում իրականացված փոխանակում էր, թե խոսքը այլ գործընթացի մասին է, հայտնում է news.am-ը:
«Այստեղ խոսքը փոխանակման մասին չէ, քանի որ Հայաստանը հենց սկզբից հայտարարել էր, որ ս.թ. մարտի 16-ին ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած Էլվին Արիֆ Օղլու Իբրահիմովին Ադրբեջան ՀՀ-ն արտահանձնում է առանց որեւէ նախապայմանի՝ հիմնվելով հումանիտար նկատառումների վրա: Այս գործընթացն իրականացվել է ԿԽՄԿ եւ Հայաստանում ԿԽՄԿ սերտ համագործակցության միջոցով: Իբրաhիմովը չէր գործել ծանր հանցանք, ուստի նրա հանդեպ կիրառելի է հումանիտար սկզբունքի հիման վրա անհատական մոտեցումը:
Մենք ի գիտություն ենք ընդունել նաեւ Ադրբեջանի որոշումը ազատ արձակելու 2017թ.-ի հունիսի 20-ին անհայտ պայմաններում Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանին եւ ԿԽՄԿ հետ մեկտեղ կազմակերպել ենք նրա հայրենադարձությունը:
Ադրբեջանի տարածքում պահվող ՀՀ քաղաքացիների հարցը մշտապես եղել է ԱԳՆ ուշադրության կենտրոնում եւ բազմիցս բարձրացվել է տարբեր ձեւաչափերում եւ հանդիպումներում, ներառյալ՝ վերջերս ժնեւում: Ուրախ ենք մեր քաղաքացու՝ ազատ արձակման եւ Հայրենիք վերադարձի կապակցությամբ»,-նշել է Նաղդալյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները միմյանց մեկական ձերբակալվածի են փոխանակել: Խոսքը Հայաստանի քաղաքացի Զավեն Կարապետյանի եւ Ադրբեջանի քաղաքացի Էլվին Իբրահիմովի մասին է: