Արցախում զինծառայող է վիրավորվել. կրակողը հայ գործարարներից մեկի ազգակա՞նն է
Հունիսի 15-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված Համլետ Արայի Գալստյանը:
Արցախի ՊՆ-ից հայտնում են, որ վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է բավարար:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Shamshyan.com-ի տեղեկություններով, վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, իսկ նրա վրա կրակոցներ արձակողը Հայաստանում հայտնի գործարարներից մեկի բարեկամն է:
Ավելի ուշ Քննչական կոմիտեն հանդես եկավ հայտարարությամբ, որում ասվում է.
2019թ. հունիսի 15-ին, ժամը 11:45-ի սահմաններումN զորամասի մարտական դիրքում,պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հ.Գալստյանի՝ ձախ աչքի շրջանի հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:
Քրեական գործի նախաքննության ընթացքում, ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Հ. Գալստյանի ծառայակիցը:
Հ.Գալստյանը քրեական գործով ճանաչվել է տուժող:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: