Հասանովը «լուրջ հաջողությունների է հասել». ադրբեջանական ԶՈւ-ն հրթիռակոծել է սեփական քաղաքը
Ադբեջանական բանակի զորավարժությունների ժամանակ Գյանջա (Գանձակ) քաղաքի սեփական տներից մեկի վրա հրթիռ է ընկել: Այս մասին իր Facebook-յան գրել է «Ազադլըխ» («Ազատություն») թերթի գլխավոր խմբագիր Գանիմաթ Զահիդը, որը վտարված է Ադրբեջանից եւ այժմ գտնվում է Ֆրանսիայում:
Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը «լուրջ հաջողությունների է հասել» և հրթիռակոծել Գանձակը (Գյանջա), ասված է նրա գրառման մեջ: Գանիմաթ Զահիդի խոսքով, միջադեպը տեղի է ունեցել 5 օր առաջ:
«Աղստաֆայի շրջանում զորավարժությունների ժամանակ հրաձգարանից արձակված հրթիռն ընկել է Գանձակ քաղաքի նախկին Կոմսոմոլ թաղամասում գտնվող տներից մեկի վրա: Ռազմական դատախազությունը ցանկանում է պատժել ոչ թե կոորդինատներ տվողին, այլ կրակողին», - նշում է աղբյուրը:
Ադրբեջանական Թուրան գործակալության տվյալներով Գանձակում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով զոհեր կամ վիրավորներ չկան: «Տան գտնվողներից որեւէ մեկը չի վնասվել: Զինվորական դատախազությունը քննություն է իրականացնում», - նշում է Թուրանը:
Գործակալությունը մեկնաբանություն է խնդրել նաեւ Ադրբեջանի ՊՆ-ից, սակայն դեռեւս չի ստացել՝ անգամ գրավոր դիմելուց հետո:
Միեւնույն ժամանակ, ադրբեջանցի ռազմական փորաձգետը, դատելով հրապարակված լուսանկարներից, ասել է, որ ամենայն հավանականությամբ խոսքը 125 մմ տրամաչափի 3БМ26 մոդելի հրթիռի մասին է: