24.11.2024
Մամուլ. Ի՞նչ է խոստացել Վիգեն Սարգսյանը Սերժ Սարգսյանին մեկնելուց առաջ
prev Նախորդ նորություն

Ներդրումների եւ տնտեսական աճի մակարդակով Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկրների շարքում առաջինն է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հրապարակել է ԵԱՏՄ անդամ երկրների ընթացիկ տարվա հունվար-ապրիլի հիմնական սոցիալ-տնտեսական ցուցանիշները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 2019 թվականի հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ ԵԱՏՄ անդամ երկրներում համախառն ներքին արդյունքն աճել է 0.9 տոկոսով։ Միության երկրների շարքում ամենաբարձր տնտեսական աճը գրանցվել է Հայաստանում՝ 7.1 տոկոս, այնուհետև Ղրղզստանում՝ 5.3 տոկոս։ Նշված ժամանակահատվածում միության ներսում ներդրումներն աճել են 1.4 տոկոսով, ընդ որում, ամենից բարձր աճը ևս նկատվել է Հայաստանում՝ 10.8 տոկոս։


Ընթացիկ տարվա հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, բացառությամբ փոխադարձ առևտրի, մնացած ցուցանիշների գծով ԵԱՏՄ-ում աճ է գրանցվել։ Այսպես՝ դիտարկվող ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 384,9 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա հունվար-ապրիլի նկատմամբ ավելացել է 2.8-ով։ Ռուսաստանի մասնաբաժինն ընդհանուր արդյունաբերական արտադրանքում 88,5% է, Ղազախստանինը՝ 6,4%, Բելառուսինը՝ 4,5%, Հայաստանինը և Ղրղզստանինը՝ 0,3%։ ԵԱՏՄ արդյունաբերական արտադրանքի կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռն ունի վերամշակող արդյունաբերությունը՝ 60.2 տոկոս, ինչը նախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատ նվազել է 0.8 տոկոսային կետով։ Հայաստանում հանքարդյունաբերության գծով անկումը կազմել է 2.4 տոկոս։


ԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրանքի ծավալն աճել է 1.3 տոկոսով, ընդ որում համեմատաբար ամենամեծ աճը գրանցել է Ղազախստանը՝ 3.6 տոկոս։ Բելառուսում գյուղարտադրանքի ծավալները կրճատվել են 0.6 տոկոսով։


Դիտարկվող ժամանակահատվածում շինարարության ծավալներն աճել են 0.7 տոկոսով, սակայն Ղրղզստանում և Հայաստանում նկատվել է անկում, համապատասխանաբար, 1.6 և 10.7 տոկոսով։


ԵԱՏՄ-ում մանրածախ առևտուրն աճել է 2.1 տոկոսով. ամենաբարձր աճը գրանցվել է ՀՀ-ում՝ 7.5 տոկոս, ապա Բելառուսում՝ 5.9 տոկոս։



Աճ են գրանցել են նաև ուղևորաշրջանառության և բեռնաշրջանառության ծավալները, համապատասխանաբար, 6.2 և 2.2 տոկոսով։ ՀՀ ուղևորաշրջանառության 0.3 տոկոս աճը հիմնականում պայմանավորված է երկաթուղային տրանսպորտով կատարված ուղևորաշրջանառությամբ՝ 16 տոկոս, մինչդեռ օդային տրանսպորտով ուղևորաշրջանառության անկումը կազմել է 19.4 տոկոս։ ԵԱՏՄ-ում ուղևորաշրջանառության աճը պայմանավորված է օդային տրանսպորտով ուղևորաշրջանառությամբ՝ 12.8 տոկոս։


ԵԱՏՄ երկրների փոխադարձ առևտրի ծավալներն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահտվածի համեմատ կրճատվել են 7 տոկոսով, մինչդեռ արտաքին առևտրի ծավալները չեն փոփոխվել։ Արտահանման ծավալն աճել է 1,4%-ով, ներմուծումը կրճատվել 2,6%-ով։ Զուտ արտահանումը կազմել է 55,4 մլրդ ԱՄՆ դոլար՝ 2018-ի առաջին եռամսյակի 52,2 մլրդ ԱՄՆ դոլարի դիմաց։ Բացառությամբ Ռուսաստանի և Ղրղզստանի, մնացած երկրներում արտահանման ծավալները կրճատվել են։ Ներմուծման գծով ԵԱՏՄ անդամ երկրներում ևս անկում է գրանցվել, բացի Բելառուսից, որի ներմուծման ծավալները չեն փոփոխվել։


Արտահանման ապրանքային կառուցվածքում գերակշռում են հանքային ապրանքները (68,7%), իսկ ներմուծման կառուցվածքում մեծ տեղ են զբաղեցնում մեքենաներ, սարքավորումներ, տրանսպորտային միջոցները՝ 41.8 տոկոս, քիմիական արդյունաբերության արտադրանքը՝ 19.2 տոկոս, սննդամթերք և գյուղատնտեսական արտադրանքը՝ 12.5 տոկոս։ 2019 թվականի առաջին եռամսյակում ԵԱՏՄ անդամ պետությունների փոխադարձ առևտրի արտահանման ապրանքային կառուցվածքում ՀՀ-ից հանքային ապրանքների արտահանումն աճել է շուրջ 2 անգամ։