4.12.2024
Փորձագետ. Վրաստանը կարող է դառնալ Մոսկվայի ու Անկարայի հակամարտության թատերաբեմ
prev Նախորդ նորություն

Մերձավորարևելյան ճգնաժամի պատճառով ՌԴ-ն կուժեղացնի իր դիրքերը Անդրկովկասում – Լևոն Տեր-Պետրոսյան

Շուրջ քսանհինգամյա ընդմիջումից հետո աշխարհն այսօր թեւակոխում է սառը պատերազմի մի նոր շրջափուլ, որի կիզակետերից մեկը կրկին դառնալու է Մերձավորարեւելյան տարածաշրջանը։ Դրա նախանշաններն արդեն իսկ առկա են։ Եռանդուն կերպով ներքաշվելով սիրիական իրադարձությունների հորձանուտը եւ սերտացնելով հարաբերություններն Իրանի հետ, Ռուսաստանը բացահայտում է իր երկարատեւ ստրատեգիական շահերն այդ տարածաշրջանում։ Այդ մասին Ilur.am կայքում հրապարակած իր հոդվածում գրում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Նման պարագայում, նրա խոսքով, ակնհայտ է, որ իր թիկունքն ապահովելու նպատակով առաջիկայում Ռուսաստանը լուրջ քայլեր է ձեռնարկելու՝ Մերձավոր Արեւելքին անմիջականորեն հարող երկրամասերում սեփական դիրքերն ամրապնդելու համար։

«Այդ երկրամասերից մեկը, գուցեեւ ամենագլխավորը, բնականաբար, Անդրկովկասը լինելով, Ռուսաստանն իր առաջնահերթ խնդիրների շարքին է դասելու Ղարաբաղի խնդրի լուծումը եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, ինչի վկայությունն են, մասնավորապես, Լավրովի Բաքու եւ Երեւան կատարած վերջին այցերը։ Խոսքն ամենեւին չի վերաբերում Ռուսաստանի կողմից Ղարաբաղի հարցի լուծման ինչ-որ նոր ծրագիր պարտադրելուն, այլ ընդամենը Մինսկի խմբի եռանախագահության ջանքերով Մադրիդյան սկզբունքների հիման վրա կազմված ծրագրին նոր ավյուն հաղորդելուն», - նշում է նախկին նախագահը։

Ինչեւէ, Հայաստանն, ըստ այդմ, նրա գնահատականով, կանգնած է լրջագույն մարտահրավերների առջեւ, որոնց դիմակայումը ազգային լիակատար միասնություն եւ պետականության առավելագույն ամրապնդում է պահանջում։ Դրա փոխարեն, սակայն, նշում է Տեր-Պետրոսյանը, իշխող ռեժիմը տոգորված է ժողովրդի «վզին բռնի ուժով նոր սահմանադրություն փաթաթելու խելահեղ մոլուցքով, ինչն այլ կերպ, քան ծայրահեղ անպատասխանատվություն կամ արկածախնդրություն, չի կարելի կոչել»։ «Իսկ փաստացի պատերազմական վիճակում զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնի վերացմանը վերաբերող դրույթն արդեն որեւէ ողջամիտ մարդու ուղեղում չի կարող տեղավորվել», - գրում է առաջին նախագահը։

Տեր-Պետրոսյանի ղեկավարած «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր կուսակցությունը դեմ է արտահայտվում խորհրդարանական կառավարման մոդելին նախապատվություն տվող սահամանադրական փոփոխություններին՝ այն համարելով ՀՀ նախագահի լիազորությունների ժամկետի երկարաձգման սահմանադրական արգելքի հաղթահարման ու իշխող ռեժիմի վերարտադրության տարբերակ։

Այնուամենայնիվ ՀԱԿ առաջնորդը վստահ է, որ Հայաստանի իշխանական համակարգում Սերժ Սարգսյանը թերեւս միակ անձն է, ով հստակ գիտակցում է երկրի շուրջ ստեղծված ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակի պարունակած վտանգները։ Այդ պատճառով դեռեւս հույս է փայփայում, որ նա, պետական մտածողություն դրսեւորելով, ի զորու է թեկուզ ժամանակավորապես կասեցնել նոր սահմանադրության ընդունման գործընթացը, իսկ եթե դա այլեւս անհնար է, «գոնե հրաժարվել ամեն գնով հանրաքվեի արդյունքները կեղծելու եւ դրանով ռեժիմի եւ հասարակության միջեւ գոյություն ունեցող անջրպետն ավելի եւս խորացնելու մտքից»։

«Պետական այրը երբեւէ չպետք է առաջնորդվի պատվախնդրության (թասիբի) կատեգորիայով. լինում են պահեր՝ կապված երկրի ճակատագրի հետ, երբ սեփական վճռից ետ կանգնելն ավելի պատվաբեր է, քան համառելը։ Այսօր, ահա, այդպիսի բախտորոշ պահերից մեկն է, քանի որ հանրաքվեն հիրավի հղի է Հայաստանին ու Ղարաբաղին սպառնացող անկանխատեսելի հետեւանքներով։

Հոդվածն արդեն պատրաստ էր, երբ ստացվեց թուրքական օդուժի կողմից ռուսական ինքնաթիռի կործանման լուրը, որը գալիս է ապացուցելու, թե դեռեւս ինչպիսի վտանգավոր բարդացումներ են սպասվում Ուկրաինայի եւ Սիրիայի իրադարձություններով վերսկսված սառը պատերազմի մերձավորարեւելյան թատերաբեմում՝ բարդացումներ, որոնք, դժբախտաբար, չեն կարող շրջանցել Հայաստանը։ Նման իրավիճակում սահմանադրական հանրաքվեի անցկացումը ժանտախտի ժամանակ տեղի ունեցող խրախճանքից անհնար է տարբերել», - եզրափակում է նա։