Մոսկվան անգամ ներկայիս պայմաններում կկատարի Անկարայի առջև Ս-400 համալիրների վերաբերյալ բոլոր պարտականությունները` ամբողջ ծավալով և առանց շեղումների:
Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը: Նա պատասխանելով հարցին` կարո՞ղ է Մոսկվան երաշխավորել, որ ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի վրա գործադրվող ճնշման պայմաններում Ս-400-ի գործարքը կիրականացվի:
Իր հրեթին Կրեմլի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր է իր S-400 (C-400) հակահրթիռային պաշտպանության համակարգերը Թուրքիա հասցնել հուլիսին։ «Ռուսաստանի և Թուրքիայի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները տվյալ համատեքստում ժամանակին կատարվում են, երկու կողմից էլ խնդիրներ չկան», - ասել է նա:
Հարցին, թե արդյո՞ք հակահրթիռային համակարգերը Թուրքիա կհասնեն հուլիսին, Ուշակովը պատասխանել է. - «Այո, ինչպես պլանավորել ենք»:
Պաշտոնական Վաշինգտոնը, հիշեցնենք, Անկարայից պահանջել է հրաժարվել ռուսական S-400 հրթիռային համակարգեր գնելու գործարքից՝ վերջնական որոշում ընդունելու համար ժամանակ տալով մինչև հուլիսի 31-ը: Եթե Անկարան չհրաժարվի այդ գործարքից, ապա Վաշինգտոնը կչեղարկի F-35 կործանիչները Թուրքիային վաճառելու համաձայնագիրը և հարակից ծրագրերը:
ԱՄՆ-ն արդեն իսկ հակաքայլեր է ձեռնարկում: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերի գնման պատճառով օրակարգ բերված օրինագիծը:
«ԱՄՆ-Թուրքիա դաշինքին ուղղված անհանգստությունների արտահայտում» վերնագիրը կրող օրինագիծն ընդունվել է միաձայն: Այն առաջարկում է կիրառել ԱՄՆ-ի թշնամիների դեմ ուղղված CAATSA («Ամերիկայի հակառակորդների դեմ պատժամիջոցների կիրառման մասին» օրենք) պատժամիջոցները, ինչպես նաև վերանայել ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցության նպատակահարմարությունը: Օրենքը վերաբերում է նաև Թուրքիայում ձերբակալված ամերիկացի քաղաքացիներին:
Թուրքիայի արձագանքը չի ուշացել: Այս երկրի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև արմատավորված բարեկամական և դաշնակցային հարաբերությունների հետ այս օրինագիծը ոչ մի աղերս չունի և անընդունելի են Թուրքիայի արտաքին քաղաքականության ու դատական համակարգի վերաբերյալ այդ անհիմն և անօրինական գնահատականները:
«Բարեկամ և դաշնակից երկրների միջև տարակարծություն առաջանալու դեպքում ամենաազդեցիկ ուղին երկխոսությունն է և երկրների ինքնիշխանությանը հարգանք ցուցաբերելն է: Դրա փոխարեն ոչ մի կապ չունեցող և փոխադարձ վտահությունը բարձրացնելուն չծառայող որոշումներ ընդունելը, սպառնալիքի և պատժամիջոցների լեզվով շարունակել խոսելն անընդունելի է»,-ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
Փորձագետները կարծում են, որ ԱՄՆ-ն և Թուրքիան, որոնք ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներ են սկսել են, ապահարզանի գործընթացը: ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները լարվել են՝ Անկարայի կողմից ռուսական C-400 համակարգեր գնելու հետ կապված: Ամերիկացիները զգուշացրել են թուրքերին, որ այդ համակարգերը գնելու դեպքում նրանց հետ Պենտագոնը կխզի F-35 կործանիչների մատակարարման պայմանագիրը, փոխանցում է wPolityce-ն:
Փորձագետների կարծիքով, Էրդողանի վճռականությունը Մոսկվայից գնելու C-400 համակարգերը կհանեցնի նրան, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի նկատմամբ:
«ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները լրացուցիչ կերպով լարվել են նաև ամերիկացիների կողմիք Սիրիայում քրդերին ցուցաբերած աջակցության պատճառով: Բացի այդ, ամերիկացիները հրաժարվում են Անկարային արտահանձնել Ֆեթուլահ Գյուլենին: ԱՄՆ-ն և Թուրքիան սկսել են ապահարզանի գործընթացը: Նրանք կպահպանեն հարաբերությունները, սակայն դրանք լինելու են անընդհատ լարված», - նշում են փորձագետները: