ԱՄՆ Կոնգրեսն ընդունեց Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանող նախագիծը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունեց Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերի գնման պատճառով օրակարգ բերված օրինագիծը:
«ԱՄՆ-Թուրքիա դաշինքին ուղղված անհանգստությունների արտատահայտում» վերնագիրը կրող օրինագիծն ընդունվել է միաձայն: Այն առաջարկում է կիրառել ԱՄՆ-ի թշնամիների դեմ ուղղված CAATSA («Ամերիկայի հակառակորդների դեմ պատժամիջոցների կիրառման մասին» օրենք) պատժամիջոցները, ինչպես նաև վերանայել ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցության նպատակահարմարությունը: Օրենքը վերաբերում է նաև Թուրքիայում ձերբակալված ամերիկացի քաղաքացիներին:
Թուրքիայի արձագանքը չի ուշացել: Այս երկրի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև արմատավորված բարեկամական և դաշնակցային հարաբերությունների հետ այս օրինագիծը ոչ մի աղերս չունի և անընդունելի են Թուրքիայի արտաքին քաղաքականության ու դատական համակարգի վերաբերյալ այդ անհիմն և անօրինական գնահատականները:
«Բարեկամ և դաշնակից երկրների միջև տարակարծություն առաջանալու դեպքում ամենաազդեցիկ ուղին երկխոսությունն է և երկրների ինքնիշխանությանը հարգանք ցուցաբերելն է: Դրա փոխարեն ոչ մի կապ չունեցող և փոխադարձ վտահությունը բարձրացնելուն չծառայող որոշումներ ընդունելը, սպառնալիքի և պատժամիջոցների լեզվով շարունակել խոսելն անընդունելի է»,-ասված է ԱԳՆ հայտարարության մեջ: