ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը մայիսին աճել է

221

Ընթացիկ տարվա մայիս ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքն ընդհանուր կազմել է 243 016 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 11.7 տոկոսով: Այս մասին հայտնում են «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ից:


Նշվում է, որ 2019թ. մայիսին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոց»-ում ուղևորահոսքն ավելացել է 13.7 տոկոսով: Եթե 2018թ. մայիսին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 202 289 ուղևոր, ապա 2019թ. մայիսի ցուցանիշը կազմում է 229 974 ուղևոր:


2019 թվականի մայիս ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 13 042 մարդ: 2018 թվականի նույն ամսվա 15 325 ուղևորահոսքի համեմատ նվազումը կազմել է 14.9 տոկոս:


Տարեսկզբից Հայաստանի երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 1 038 617 մարդ, որը 8.7 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:


«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2019 թվականի հունվար- մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 1.2 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:


 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...