26.11.2024
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները կհանդիպեն Գաբալայում
prev Նախորդ նորություն

Թուրք-ադրբեջանական տանդեմը Վրաստանը վերածում է ՀՀ-ի դեմ պլացդարմի

Հունիսի 12-ին Գաբալայում կկայանա Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ ֆորմատով հանդիպումը: Այդ մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:


Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան էներգետիկ-տրանսպորտային կոալիցիան աստիճանաբար վերածվում է նաև գեոպոլիտիկ ու ռազմա-քաղաքական դաշինքի: Դրան նպաստում են նաև թուրք-ադրբեջանական տանդեմի ջանքերը շրջափակել Հայաստանը նաև Վրաստանի կողմից: Վրաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է ՆԱՏՕ-ին անդամակցությունն ու այդ առումով Վրաստանը սերտացնում է կապերը տարածաշրջանում ՆԱՏՕ-ի անդամ երկրի՝ Թուրքիայի հետ:


Թուրք-ադրբեջանական տանդեմն այս օրերին Նախիջևանում լայնածավալ զորավարժություններ է իրականացնում, այդ կերպ մեսիջ հղելով թե՛ ՌԴ-ին, թե՛ ՀՀ-ին ու Իրանին: Անկարա-Բաքու տանդեմը չի թաքցնում իր պանթուրքիստական ծրագրերը կապված ՀՀ-ի հետ, այդ թվում՝ մայրաքաղաք Երևանի ու Սյունիքի մարզի, որոնք խոչընդոտում են Թուրքիային ու Ադրբեջանին միավորվելու ցամաքային կապով ու ստեղծելու Էրդողանի երազած Նոր Օսմանական կայսրությունը՝ Բալկաններից մինչև Կենտրոնական Ասիա ու չինական Սինցզյան:


Թուրք-ադրբեջանական տանդեմի տնտեսական, էներգետիկ լծակները Վրաստանի նկատմամբ բավականին մեծ են և դա ստեղծում է հակահայկական լոբբինգի համար բավականին լավ հիմքեր: Բաքուն ու Անկարան ցանկանում են խոչընդոտել հայ-վրացական կապերի ամրապնդումը, ինչը կկազմաքանդի ՀՀ-ն ու Արցախը:


ՀՀ-ն պետք է ավելի ակտիվ գործի վրացական ուղղությամբ՝ խորացնելով տնտեսական, էներգետիկ-տրանսպորտային կապերը, որպեսզի բալանսավորի Թբիլիսիի թուրքամետ և ադրբեջանամետ դիրքորոշումն ու քաղաքականությունը:


Թուրքիայի ու Ադրբեջանի համար Վրաստանը կապող օղակ է՝ պլացդարմ Հարավային Կովկասում ու ՀՀ-ի հյուսիսային սահմանների երկայնքով ամրապնդվելու համար:


Չմոռանանք, որ ՀՀ-ի հյուսիսային սահմանների երկայնքով՝ վրացական Քվեմո-Քարթլիի տարածաշրջանում ադրբեջանցիներ են բնակվում: Թուրք-ադրբեջանական տանդեմը նաև տնտեսական և դեմոգրաֆիկ էքսպանսիա է իրականացնում հիմնականում հայաբնակ Սամցխե-Ջավախքում՝ այդ կերպ ցանկանալով ՀՀ-ի հյուսիսային սահմանների երկայնքով ստեղծել թյուրքական միջանցք:


Այդ պարագայում ՀՀ-ի շրջափակումը կլինի վերջնական ու ՀՀ-ի՝ արտաքին աշխարհի հետ կապող բոլոր լոգիստիկ միջանցքները՝ Քվեմո-Քարթլիով ու Ջավախքով կհայտնվեն ադրբեջանա-թուրքական օղակի մեջ: