25.11.2024
Պորոշենկոն պատրաստ է դառնալ Ուկրաինայի վարչապետ
prev Նախորդ նորություն

Նախնական տվյալներ. Ղազախստանի նախագահական ընտրություններում հաղթում է գործող նախագահը

Ղազախստանի գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, որը նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նախընտրած թեկնածուն է, ըստ նախնական արդյունքների, հաղթանակ է տանում հունիսի 9-ին երկրում անցկացված նախագահական ընտրություններում:


ԿԸՀ-ի հրապարակած նախնական արդյունքներով՝ նախագահական ընտրություններում Տոկաևի օգտին քվեարկել է ընտրողների 70,76 տոկոսը, իսկ նախկին լրագրող Ամիրջան Կոսանովը, որը 2005 թվականից ի վեր առաջին ընդդիմադիր թեկնածուն է, ստացել է քվեների ընդամենը 16,02 տոկոսը։


Ղազախստանի նախագահական ընտրություննրի քվեարկության օր նաեւ անկարգություններ են տեղի ունեցել, իրավապահները հարյուրավոր մարդկանց են ձերբակալել: Իրավապաշտպանները հայտնում են մարդու իրավունքների խախտումների մասին:


Ինչպես նշում են միջազգային ԶԼՄ-ները, ընտրությունները Ղազախստանում ստվերվեցին հարյուրավոր մարդկանց ձերբակալություններով: Ընտրությունների օրը «Բոյկոտ» վանկարկող ավելի քան հարյուր մարդ է բերման ենթարկվել Ալմաթիի կենտրոնում, Աստանայի հրապարակի մոտ, երկրի նախագահի ընտրությունների օրը: Ոստիկանությունը, այդ թվում, հատուկ ստորաբաժանումների մարտիկները, բերման ենթարկելիս մարդկանց կոպտորեն հրել են ոստիկական մեքենաները:


Մայրքաղաք Նուր-Սուլթանում ձերբակալությունները տեղի են ունեցել «Ժասթար» պալատի մոտ, որտեղ մի քանի հարյուր քաղաքացիներ են հավաքվել: Այստեղ ձերբակալվել է նաև «Ազատտըկի» լրագրող Սանիա Թոյկենը, որը խմբագրության հանձնարարականով ուղիղ հեռարձակում է վարել Facebook-ում: Որոշ ժամանակ անց նա ազատ է արձակվել Եսիլսկի ոստիկանական բաժանմունքից:


Շըկենտում ևս 20 մարդ է ձերբակալվել: Ներքին գործերի նախարարությունը դեռ չի մեկնաբանել երկրում ձերբակալությունների մասին տեղեկատվությունը: