ԵԱՏՄ անդամ պետություններում մինչև տարեվերջ կսկսեն ընդունել «Միր» քարտերը
ԵԱՏՄ անդամ պետություններում, ինչպես նաև Տաջիկստանում և Ուզբեկստանում մինչև տարեվերջ կսկսեն ընդունել «Միր» քարտերը: Այս մասին «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում հայտարարել է Վճարաքարտերի ազգային համակարգի (ՎՔԱՀ) տնօրեն Վլադիմիր Կոմլևը:
Նրա խոսքով, նշված բոլոր պետություններում, բացի Ղազախստանից, կան ազգային վճարաքարտեր՝ «Բելքարտ», ArCA, «Կորտի Միլի», UZCARD, «Էլքարտ».
«Մենք իրականացրել ենք Mir International առանձին պլատֆորմ, որը թույլ է տալու քարտերին մտնել գործընկերային համակարգի ենթակառուցվածք։ Մինչեւ 2019-ի վերջ կավարտվեն նշածս երկրների՝ Բելառուսի, Հայաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ղազախստանի վճարային համակարգերի ինտեգրման նախագծերը: Եվ մինչև 2021 թվականի ծրագրերում է «Միր» քարտերի ընդունումն այն երկրներում, որտեղ շատ են այցելում ռուսաստանցի զբոսաշրջիկները»,- ասել է նա։
Նշենք, որ Ռուսաստանը վճարաքարտի ազգային համակարգ ստեղծեց Visa-ի և Mastercard-ի որոշումից հետո, որը 2014-ի մարտին դադարեցրեց «Ռոսիա», «ՍՄՊ-բանկ» և նրանց դուստր բանկերի հաճախորդների վճարային գործողությունների սպասարկումը ԱՄՆ պատժամիջոցների պատճառով։ 2014 թվականի դեկտեմբերին Visa-ն և Mastercard-ը դադարեցրին սպասարկումը Ղրիմում եւ Սեւաստոպոլում։