26.11.2024
Զուրաբիշվիլին խոչընդոտներ չի տեսնում Վրաստանի՝ Եվրամիություն տանող ճանապարհին
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն փորձում է «պոկել» Հարավային Կովկասը ՌԴ-ից

Ամերիկյան Rand Сorporation-ը զեկույց է հրապարակել, որտեղ նշվում են ՌԴ-ն ապակայունացնելու տնտեսական, գաղափարական և գեոպոլիտիկ միջոցները:


ՌԴ պաշտպանության նախարարի խորհրդական Անդրեյ Իլնիցկին հայտարարել է, որ Սև ծովից մինչև Մերձբալթիկա ապակայունացնող առանցքի ձևավորումը ԱՄՆ-ի ռազմավարության տարրերից է:


Իլնիցկին նշել է, որ ըստ Rand Сorporation-ի զեկույցի, Ադրբեջանը շարժվելու է դեպի Արևմուտք, իսկ ԱՄՆ-ի ամենամեծ դեսպանատներից մեկը գտնվում է ՀՀ-ում:


ԱՄՆ-ի ռազմավարության մեջ է մտնում հետխորհրդային տարածքում ՌԴ-ի ազդեցության սահմանափակումը և Հարավային Կովկասում Մոսկվայի դիրքերի թուլացումը: Այս առումով Արևմուտքի գեոպոլիտիկ շահերից է բխում Ադրբեջանի տարածքի օգտագործումը, որպես էներգետիկ-տրանսպորտային միջանցք՝ ՌԴ-ի սահմանների երկայնքով:


ԱՄՆ-ի և ԵՄ-ի ակտիվ լոբբինգով կյանքի են կոչվում Հարավային գազային միջանցք և այլ էներգետիկ նախագծեր՝ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ուղղության վրա, այսինքն, օգտագործելով ադրբեջանական, ղազախական, թուրքմենական էներգակիրները, թուլացնել ԵՄ-ի գազային, էներգետիկ կախվածությունը ռուսական գազից:


Մեջբերելով Rand Сorporation-ի զեկույցը Իլնիցկին ընդգծում է, որ Ադրբեջանը շարժվելու է դեպի Արևմուտք: Դա ունի իր տակ հստակ տնտեսական հիմքեր՝ Բաքուն իր բոլոր էներգետիկ նախագծերն իրականացնում է արևմտյան ուղղությամբ՝ ցանկանալով նաև տարանցիկ երկիր դառնալ կասպյան էներգակիրների համար դեպի Արևմուտք:


Խոսվում է նաև ՀՀ-ում ԱՄՆ-ի ամենամեծ դեսպանության առկայության մասին, որը նաև համակարգում է ՀՀ-ում առկա բազմաթիվ արևմտամետ, գրանտային կազմակերպությունների գործունեությունը՝ դրանով ազդելով ՀՀ-ի ներքաղաքական իրավիճակի վրա և մասնակցելով հայաստանյան քաղաքական իրադարձություններին տարբեր ՀԿ-ների և նրանց հետ ասոցացվող գործիչների միջոցով:


Եթե Ադրբեջանում ԱՄՆ-ն ունի հստակ տնտեսական շահեր՝ գազ և նավթ, ինչպես նաև օգտագործում է Ադրբեջանի աշխարհագրական դիրքը Արևելք-Արևմուտք էներգետիկ-տրանսպորտային միջանցք ստեղծելու համար, որը կշրջանցի ՌԴ-ն, ապա ՀՀ-ում նրանց նպատակն է սորոսական և այլ ուժերի միջոցով հասնել ՌԴ-ՀՀ հարաբերությունների վատթարացմանը, քանի որ Հարավային Կովկասում ՌԴ-ի թիվ մեկ ռազմավարական դաշնակիցը Հայաստանն է, որտեղ են գտնվում ռուսական զորքերը:


Հարավային Կովկասում ԱՄՆ-ն ՌԴ-ի դեմ հիբրիդային պատերազմ է վարում, տնտեսապես ներքաշելով Ադրբեջանը դեպի Արևմուտք, իսկ քաղաքական, գրանտակեր կազմակերպությունների միջոցով (soft power) փորձում է սեպ խրել ՀՀ-ի ու ՌԴ-ի միջև և Երևանը դուրս բերել Մոսկվայի ազդեցության տիրույթից: