Ջիվան Աբրահամյանի դեպքը ՀՀ իրավապահների իրավասության տիրույթում է. Ստեփանակերտ
Հանրահավաքի ժամանակ Ջիվան Աբրահամյանի հետ կապված դեպքը ՀՀ իրավապահների իրավասության տիրույթում է, քանի որ այն կատարվել է ՀՀ-ում: Այս մասին նշված է Արցախի Հանրապետության դատախազության հաղորդագրության մեջ:
«Ազատության» օրեր առաջ հրապարակում տեղի ունեցած հավաքի ժամանակ մասնակիցների կողմից` Արցախի նախագահ Բակո Սահակյանի հասցեին հնչեցված սպառնալիքների կասկածանքով բերման ենթարկված Ջիվան Աբրահամյանն ազատ էր արձակվել:
«ՀՀ Երևան քաղաքի Ազատության հրապարակում 25.05.2019թ. տեղի ունեցած հավաքի ընթացքում հավաքի մասնակից Ջիվան Աբրահամյանի կողմից սպառնալիք պարունակող հայտարարություններ էին արվել Արցախի Հանրապետության Նախագահի հասցեին: Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տարածված տեղեկատվության համաձայն` Ջ. Աբրահամյանը բերման էր ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին, հիշյալ հայտարարություններում հանցագործության հատկանիշների առկայությունը պարզելու նպատակով ոստիկանության կողմից ձեռնարկվում են քրեադատավարական միջոցառումներ:
Նկատի ունենալով, որ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող ենթադրյալ հանցագործության դեպքը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում, ուստի այն գտնվում է ՀՀ իրավապահ մարմինների իրավասության տիրույթում, և դրան արձագանքելու հնարավորությունն ու քրեադատավարական միջոցառումներ կատարելու իրավասությունը ևս պատկանում է նրանց»,-ասված է հաղորդագրության մեջ:
Մայիսի 25-ին, Նիկոլ Փաշինյանի աջակիցների հանրահավաքի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանը Ազատության հրապարակում բռնության կոչերով էր հանդես եկել և հայտարարել, որ «քարով կցխի Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը», եթե ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ընդունեն Արցախում։
Ջիվան Աբրահամյանն այսօր բերման էր ենթարկվել Ոստիկանության Կենտրոնի բաժին Ազատության հրապարակում սպառնալիքներ հնչեցնելու կասկածանքով, այուհետեւ ազատ արձակվել: