Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի աշխատանքային պլանով, կազմակերպվում է փրկարարների ուսուցում ոչ միայն Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ակադեմիաներում եւ ուսումնական կենտրոններում, այլեւ Հայաստան են հրավիրվում ոլորտի առաջատար մասնագետներ՝ փորձի փոխանակման նպատակով:
Ինչպես հայտնում է ԱԻՆ-ի 911 թերթը, կենտրոնի տնօրեն, փ/ծ գնդապետ Պավել Գյոզալյանի խոսքով, արդեն մեկ շաբաթ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգների եւ շների հետ աշխատանքներ են տանում ՌԴ ԱԻՆ Հյուսիս-Արեւմտյան շրջանի կինոլոգիական ծառայության պետ Ալեքսանդր Ալեքսանդրովը եւ ՌԴ ԱԻՆ Պետական հակահրդեհային ծառայության Սանկտ Պետերբուրգի համալսարանի կինոլոգիական կենտրոնի պետ Նադեժդա Նիկոլաեւնան:
Ամիսներ առաջ հայ կինոլոգներն իրենց շների հետ վերապատրաստում էին անցել Սանկտ Պետերբուրգում՝ ձեռք բերելով պայթուցիկ նյութերի հայտնաբերման վերաբերյալ տեսական եւ պրակտիկ գիտելիքներ: Այժմ նրանք հմտանում են տուժածների որոնողափրկարարական աշխատանքներում: Մայիս 27-ին Արզնու ձորում անցկացվեց դասընթացի հերթական գործնական վարժանքը, որի ժամանակ շները ցուցադրեցին ականի եւ տուժածի հայտնաբերման իրենց ունակությունները:
«Մենք ստուգել ենք շներին, ընտրել նրանց վարժեցման մեթոդները: Կենտրոնի տարածքում շներին սովորեցնում են լսել տիրոջ հրահանգները, իսկ փլատակներում եւ քարերի վրա՝ քայլել, հաղթահարել դժվարությունները: Շներին պետք է փոքրուց վարժեցնել, իսկ այս շները որդեգրվել են ուշ տարիքում՝ այդպիսով բաց թողնելով հասարակությանն ընդգրկվելու եւ ադապտացվելու փուլերը: Նույնն է, թե տարրական մաթեմատիկա չիմացողին բարդ հանձնարարություն տաս: Մյուս կողմից՝ շներին մոտիվացնելու անհրաժեշտություն կա. եթե նա չի զգում, որ իրեն սիրում ես, հավատում իր ուժերին, սկսում է քեզ նույնկերպ վերաբերվել»,- նշում է Ալեքսանդր Ալեքսանդրովը:
Հետախույզ կինոլոգիական ջոկատում այժմ լաբրադոր եւ գերմանական հովվաշուն ցեղատեսակի 8 շուն կա: Ռուս մասնագետի խոսքով՝ հովվաշան հոտառությունն անփոխարինելի է, սակայն այս կենդանուն բնորոշ չէ բարությունը: Լաբրադորը, ընդհակառակը, մարդամոտ է, բայց ծույլ: Անկախ տեսակից՝ պետք է սովորեցնել շանը սիրել մարդուն, խաղալ նրա հետ՝ առանց վնասելու: «Տարբեր խաղային մեթոդներ ենք կիրառում: Դժվարն առաջին երեք տարին է, հետո շունը ձեռք է բերում ռեֆլեքս: Այս գործընթացը պետք է շարունակական լինի՝ տնօրինության հսկողությամբ»,- ասում է բազմափորձ կինոլոգը:
Նադեժդա Նիկոլաեւնան հավելում է՝ ցանկալի է ավելացնել շների ֆիզիկական ծանրաբեռնվածոթյունը: Հայաստանը սեյսմավտանգ երկիր է, բացի դրանից՝ ամբողջ աշխարհում ահաբեկչական ակտեր են լինում, իսկ կինոլոգիական ծառայությունն այս պարագայում պետք է ամենապատրաստվածը լինի: Մասնագետը նկատում է՝ հայ կինոլոգները չափազանգ հետաքրքրված են նոր հմտություններ ստանալու հարցում: Նման տեմպով Հայաստանը շուտով կարող է մասնակցել կինոլոգների ամենամյա որակավորման:
Խոսելով հայ կինոլոգիական ծառայությունը նոր շներով համալրելու մասին՝ Նադեժդան խորհուրդ է տալիս ձեռք բերել շոտլանդական Բորդեր կոլի ցեղատեսակի շներ, որոնք թեթեւ քաշ ունեն եւ դժվարանցանելի վայերում ավելի ճարպիկ են գործում: Կարեւոր է նաեւ ոչ միայն վարժահրապարակներում, փլատակներում, այլեւ դպրոցներում եւ մանկապարտեզներում շների վարժանքներ կազմակերպել, ինչի շնորհիվ կենդանիները կսովորեն շփվել տարբեր տարիքի մարդկանց հետ:
Հետախույզ կինոլոգիական ջոկատի հրամանատար, փ/ծ կապիտան Էդգար Գալոյանի խոսքով, տեսական պարապմունքների ընթացքում սովորում են շների եւ ձագերի ընդհանուր խնամք, առաջին օգնություն: Ռուս մասնագետների խորհրդով՝ հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում կենդանիների վարժեցման նոր մարզասարքեր են ավելացվել:
Կինոլոգների վերապատրաստման դասընթացը կավարտվի հունիսի 14-ին: Մասնակիցները կհանձնեն քննություն: Երկու կինոլոգ կստանա հրահանգչի որակավորում: