VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին մի քանի օրերին աննախադեպ եռուզեռ է ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակում․ Սերժ Սարգսյանը մինչեւ ուշ երեկո գրասենյակում է անցկացնում, նրան են այցելում ՀՀԿ-ականները։ Չնայած ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը մեր զրույցում հերքեց, թե որեւէ ՀՀԿ-ական հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին, սակայն տեղեկություններ կան, որ մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանն այցելել է բանտից ազատված ՀՀ երկրորդ նախագահին։ Բաղդասարյանն ասաց միայն, որ Սերժ Սարգսյանը հետեւում է քաղաքական գործընթացներին եւ մասնակցում կուսակցական աշխատանքներին։ Ի դեպ, լուրեր կան, որ առաջին եւ երրորդ նախագահներն էլ են պարբերական հանդիպումներ ունենում, սակայն դա ճշտել մեզ չհաջողվեց»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-ում ապրիլյան պատերազմի դեպքով քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին հարցրինք ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանին՝ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ-ն մտահոգություն չունե՞ն, որ հանձնաժողովը պատերազմի վերաբերյալ աղմկահարույց բացահայտումներ կանի։ «Անիմաստ քայլ է, որը կատարում է իշխանությունը, երեւի լուրջ չեն պատկերացնում, թե ինչ մարտահրավերների առջեւ է կանգնած Հայաստանը, ընկել են հաղթանակած քառօրյա պատերազմի դեպքում սկսել են ինչ-որ բան անել, մինչդեռ այս ընթացքում ադրբեջանցիները զբաղված են ինժեներական աշխատանքներով»։ Բաղդասարյանն ասաց, որ իրենք մտահոգվելու առիթ չունեն, իսկ «Սերժ Սարգսյանը հետեւում եւ մասնակցում է կուսակցական գործընթացներին, անհիմն հայտարարություններին ու գործողություններին էլ չի անդրադառնում»։
«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախում հայաստանցի օլիգարխների եւ տեղի զինվորականության հավաքատեղին Ռուբեն Հայրապետյանի՝ Նեմեց Ռուբոյի Շուշիի տունն է։ Հենց այստեղ են ծրագրվում զինվորականության եւ օլիգարխիայի քաղաքական անելիքները Հայաստանում եւ Արցախում: Օլիգարխիան եւ զինվորականությունը ցանկանում են վերականգնել նախկինում ունեցած իրենց ազդեցությունը եւ արտոնությունները, չնայած վտանգում են կորցնել ավելին»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հունիսին սպասվելիք կառավարության կազմի արմատական փոփոխությունները վերաբերելու են նաեւ Արդարադատության նախարարությանը, նախարար Արտակ Զեյնալյանը եւս հրաժեշտ կտա իր պաշտոնին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանին զայրացրել է այն հանգամանքը, որ Զեյնալյանին այդպես էլ չհաջողվեց իր վերահսկողության տակ վերցնել դատարանները: Ճիշտ է, դատական համակարգը ենթակա չէ Արդարադատության նախարարությանը, բայց նախորդ բոլոր իշխանությունների օրոք դատավորները հլու-հնազանդ կատարել են գործադիրից իջեցված հրահանգները, չնայած դա չի եղել ԱՆ գործունեության արգասիքը»:
«168 ժամի» խիստ հավաստի տեղեկություններով՝ անցյալ շաբաթ աշխատավայրում կտրուկ վատացել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի առողջական վիճակը, ԱԳՆ աշխատակազմը ստիպված էր շտապ օգնություն կանչել: Նախարարություն ժամանած բժիշկներն անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել, պարզվում է՝ կտրուկ բարձրացել էր նախարարի արյան զարկերակային ճնշումը: ԱԳՆ մեր աղբյուրները պնդում են, որ մինչ այդ Զոհրաբ Մնացականյանն իր իսկ նախաձեռնությամբ բավականին ծանր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ իր պաշտոնակցի՝ Սերգեյ Լավրովի հետ: Այլ մանրամասներ հեռախոսազրույցի բովանդակության մասին այս պահին հայտնել չենք կարող, բայց ակնհայտ է, որ խոսակցությունը նախարարի համար ցանկալի ընթացք չի ունեցել»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. Ինչպես հայտնի է, ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն, ստորագրահավաք էին սկսել, որպեսզի արտահերթ նիստ գումարվեր եւ անդրադարձ կատարվեր դատարաններն արգելափակելու թեմային: Սակայն իշխանական մեծամասնությունը՝ «Իմ քայլը» խմբակցությունը, դեմ եղավ առաջարկին: Ընդդիմության ներկայացուցիչներն էլ որոշել էին այդ թեմայով ելույթներ ունենալ երեկ անցումային արդարադատության թեմայով հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ, ինչպես եւ առաջարկել էր մեծամասնություն կազմող խմբակցությունը: Սակայն հետաքրքիր է, որ երեկվա լսումների ժամանակ այդպես էլ երկու ուժերից ոչ մեկը չխոսեց այդ թեմայով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ խորհրդի նիստից հետո եւ մինչ լսումների օրը երկու ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները քննարկում են անցկացրել եւ որոշել անցումային արդարադատությանը նվիրված լսումները չխառնել իրենց բարձրացրած թեմայի հետ եւ այդ հարցին անդրադառնալ հետագայում: Մենք տեղեկացանք, որ այս պահին կրկին արտահերթ նիստ հրավիրելու թեման օրակարգում է, եւ ընդդիմադիրները քննարկում են՝ ինչպես անել, որ այս իշխանական մեծամասնությունը կողմ լինի»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. Դատական համակարգից մեզ հասած տեղեկություների համաձայն` առաջիկայում դատավորների ժողով է հրավիրվելու, որտեղ չի բացառվում, որ դատավորները անվստահություն հայտնեն ԲԴԽ բոլոր անդամներին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դատական համակարգում խոսակցություններ կան, որ խնդիրը կամ իրենց պայքարը միայն ԲԴԽ նախագահի դեմ չի եղել, ուստի եթե խոսք է գնում դատաիրավական ոլորտը կարգավորելու մասին, ապա ԲԴԽ բոլոր անդամներն էլ պետք է հրաժարականի դիմում ներկայացնեն: Ինչ ճակատագիր է սպասվում ԲԴԽ մյուս անդամներին` ցույց կտան զարգացող իրադարձությունները»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Մի խումբ դատավորներ անխուսափելի վեթինգի գործընթացներից ի վեր սկսել են բանակցել իշխանության հետ: Նրանք պատրաստակամություն են հայտնում հրաժարական տալ, եթե իրենց ունեցվածքին չկպնեն: Չափազանց խելամիտ մոտեցում է, այլապես կարող են եւ´ պաշտոնը կորցնել, եւ´ ունեցվածքը»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարությունում շարունակում են ծաղկել գնումներից տասնյակ եւ հարյուր միլիոնավոր դրամների հասնող «ատկատներն» ու կոռուպցիան։ Սա միակ նախարարությունն է, որտեղ Սերժ Սարգսյանի կադրերին ձեռք չեն տվել: Առաջիկայում իշխանությունը մտադիր է անդրադառնալ նաեւ այս ոլորտին, սակայն ցանկանում են, որ դա լինի հնարավորինս անցնցում»: