Կոնստանտին Օրբելյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին ու Նազենի Ղարիբյանին
Աշխարհահռչակ դիրիժոր Հարրի Կոնստանտին Օրբելյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի։
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ դիրիժորը պահանջում է անվավեր ճանաչել «Մշակույթի նախարարի պարտականությունները ժամանակավորապես Նազենի Ղարիբյանի վրա դնելու մասին» 2019թ. հունվարի 14–ի վարչապետի որոշումն, ինչպես նաև Նազենի Ղարիբյանի 2019թ. մարտի 3–ի Կոնստանտին Օրբելյանի լիազորությունները դադարեցնելու մասին հրամանը։
Որպես երրորդ անձ գործով ներգրավվել է Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն ՊՈԱԿ –ը։
Հիշեցնենք, մարտի 29-ին Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի հրամանով Կոնստանտին Օրբելյանն ազատվել էր Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից: Նշանավոր դիրիժոր Կոնստանտին Գարիի Օրբելյանը Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար էր նշանակվել 2016 թվականի հունիսի 3-ին:
Այս որոշումից հետո Օրբելյանը հայտարարել էր, որ մտադիր է դիմել դատարան։