Համացանցի հայկական սեգմենտը միանշանակ չարձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 20-ին դատարաններն արգելափակելու մասին հանրությանն ուղղված կոչը: Մինչ Փաշինյանի համակիրները պատրաստվում են արգելափակել դատարանները, մյուսները զգուշացնում են այդ քայլի աղետալի հետեւանքների մասին:
Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը հիշեցնում է, որ այս պարագայում պետք է իր խոսքն ասի ՀՀ նախագահը, որը հետևում է Սահմանադրության պահպանմանը:
«Հիշեցնում եմ՝ երկիրը ունի ղեկավար ու դա Արմեն Սարգսյանն է։ Սա Սահմանադրության համապատասխան հոդվածն է՝ ինչ պիտի անի նախագահը։ Հոկտեմբերի 2-ին բան չարեց, տեսնենք հիմա ինչ կանի։
ՀՀ Սահմանադրություն
Հոդված 123. Հանրապետության նախագահի կարգավիճակը և գործառույթները
Հանրապետության նախագահը պետության գլուխն է:
Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը:
Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով:
Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով», - ասված է նրա գրառման մեջ:
Իրավաբան Արթուր Ղազինյանը կոչ է անում մեր քաղաքացիներին ձեռնպահ մնալ էքտրիմիստական գործողություններից, պահպանել քաղաքացիական զգոնություն, մնալ ՀՀ օրենսդրության սահմաններում և չտրվել սադրանքների։
«ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորվում է իշխանությունների բաժանումը և իշխանության թևերի անկախությունը, զսպումների և հակակշիռների համակարգը։
ՀՀ գործադիր իշխանության ղեկավարն իր այսօրվա կոչով առերևույթ խախտում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իշխանությունների բաժանման սկզբունքը, կոպտագույն ձևով միջամտելով դատական իշխանության գործունեությանը։
ՀՀ ոստիկանությանը կոչ եմ անում ապահովել հասարակական կարգի պահպանությունը և պետական ու ազգային ինստիտուտների անվտանգությունը և նրանց բնականոն գործունեությունը», - ասված է նրա հայտարարության մեջ։
Նախկինում Նիկոլ Փաշինյանի կուսակից Մարինե Մանուչարյանը եւս դեմ է արտահայտվել դատարաններն արգելափակելու վարչապետի կոչին:
«Երկիրը գցեք ոտքներիդ: Հետո չասեք` ով կիմանար սենց կլինի:
Էսօր ՀՀ-ն ունի 244 դատավոր, գերծանրաբեռնված դատարաններ, գործը դատավորներին հանձնելու էլեկտրոնային համակարգ (մարդը չի միջամտում, համակարգնա ընտրում): Վաղը էդ դատավորները հրաժարական տան, փաստացի իշխանության երեք ճյուղերից մեկը տապալվի գործադիրի կողմից, մենք կարող ենք արձանագրել պետական ապարատի կրախ, պետականության կրախ, պետականության` անկախությունից ի վեր գրանցած որոշակի համակարգային զարգացումը հետ կշպրտվի ու կհասնի զրոյական կետի:
Բայց կարևորը դուք դուխով, կարևորն ամեն ինչ ժողովրդի անունից, ժողովրդի համար: Դուք շարունակեք ցնծալ, ձեր հանդեսը չեմ փչացնում: Ուղղակի արձանագրում եմ...», - ասված է նրա Facebook-յան գրառման մեջ:
Վարչապետ Փաշինյանի կոչ է անում հետ կանգնել դատարաններն արգելափակելու քայլից նաեւ իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
«Կոչ եմ անում, հրաժարվել նույն մեթոդներից, որը կիրառեցին Ռ.Քոչարյանի կողմնակիցները: Խնդիրը լուծելու համար կա Ազգային Ժոովը՝ որպես մարմին, քննարկման տեղը ԱԺ-ում է:
Իսկ դատական իշխանության կտրուկ փոփոխությունների մեխանիզմները կարող են միմիայն լինել իրավական:
Առանց իրավական մեթոդների, մնացած ցանկացած մեթոդները ոչ միայն անթույլատրելի են լեգիտիմ օրենսդիր մարմնի առկայության պայմաններում, այլ նաև խիստ վտանգավոր:
Հրաժարվեք պարոն վարչապետ այդ քայլից:
Նախ և առաջ, թե ինչու չեն արվել համարժեք քայլերը իրավական լուծումներ տալու դատական կտրուկ, արմատական բարեփոխումների համար, դա պետք է քննության առնել և լուծել այդ պատճառի խնդիրը», - ասված է նրա գրառման մեջ:
Հայտարարություն է տարածել նաեւ «Իրավական ուղի» հասարակական կազմակերպություն. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ՀՀ քաղաքացիներին արգելափակել ՀՀ բոլոր դատարանները: Դրանով խափանվում է դատարանների՝ որպես մարդու իրավունքների պաշտպանություն իրականացնող և վեճերը իրավունքի հիման վրա լուծող սահմանադրական ինստիտուտի գործունեությունը, ուստի փաստացի դադարեցվում է ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ և 4-րդ հոդվածների գործողությունը: Դա, քրեաիրավական գնահատմամբ, Սահմանադրական կարգի տապալում է:
Կոչ ենք անում՝
1) Հանրապետության նախագահին՝ ՀՀ Սահմանադրության պահպանմանը հետևելու իր գործառույթի շրջանակներում, միջոցներ ձեռնարկել Դատական իշխանության գործառնության խափանում թույլ չտալու, ինչպես նաև առկա իրավիճակի մասին ՀՀ գործընկեր պետությունների դեսպաններին, ՀՀ մասնակցությամբ միջազգային կազմակերպություններին իրազեկելու ուղղությամբ և այդ մասին հանդես գալ ուղերձով:
2) ՀՀ քաղաքական համակարգի և քաղաքացիական հասարակության ինստիտուտներին՝ հանդես գալ իրավիճակին համարժեք գնահատականով:
3) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների դիվանագիտական ներկայացուցչություններին՝ խստորեն դատապարտել ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը փաստացի դադարեցնելու՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի փորձը»: