ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի շփման գծում
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն մայիսի 14-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում։
Ինչպես հայտնում են Արցախի ԱԳՆ-ից, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա):
Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա): Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:
Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: