VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը եռատոնի ժամանակ, Շուշիում, լրագրողներին ուղղորդել էր դեպի ՀՀ վարչապետը՝ «վերելակային բանակցություններ» վարողից հարցրեք, թե ինչու են սահմանին կրակոցները հաճախացել։ ՀՀ ղեկավարությունը ծանր է տարել այս հեգնանքը, Բակո Սահակյանին զգուշացրել են կարգի հրավիրել Վիտալի Բալասանյանին, այլապես հաջորդ անգամ այլ լեզվով կխոսեն։ «Հակահեղափոխական օջախների մասին» Փաշինյանի ստատուսի մի պատճառը սա է եղել, մյուսը՝ այն, որ Շուշիում տոնական ճաշի ժամանակ նկատել է, որ Արցախի ղեկավարները խուսափում են շփումից։ Իսկ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը շրջանցել է Փաշինյանին։ Փոխարենը ջերմ ընդունելության է արժանացրել Սերժ Սարգսյանին, ում ուղեկցում էր Ռուբեն Հայրապետյանը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Դուք մեր «սրտի» պատգամավորն եք, ողջ Հաղթանակ թաղամասը, որը կոյուղի չունի, Ձեզ է ընտրել. տեղյա՞կ եք, որ 21-րդ դարում երեւանյան մի ողջ թաղամաս ահավոր վիճակում է, դիմացն էլ ամառ է՝ հարցրինք ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Հրաչ Հակոբյանին։ «Եթե չեմ սխալվում, դա թաղապետարանի գործառույթն է»: Նկատենք, որ Դուք Արարատի մարզպետի «գործառույթների» մասով` Ալեքսանյանի քրոջ զավակների հետ հանդիպեցիք, հարցեր լուծեցիք, իսկ Ձեր բուն ընտրողներին կարծես մոռացել եք։ Ի դեպ, Ձեր նախընտրական նկարները մինչեւ հիմա չեն հանվել, մեր պատերն ու սյուները դրանցով են դեռ զարդարված։ «Այդ թաղամասին դեռ չենք հասել. թող ամենավատ բանն էդ լինի, հա՞»: Կոյուղի՞ն նկատի ունեք, թե՞ նկարները։ «Նկարները, եւ ապա` տեսնում եք, չէ՞, նախորդ իշխանություններն ինչ իշխանություն են եղել, որ Դուք ապրում եք մի թաղում, որը կոյուղի չունի, իսկ մենք պետք է այդ հարցը լուծենք եւ կլուծենք` սիրով»: Գիտեք` նախորդ իշխանությունն էլ էր ասում «սիրով», անգամ Սամվել Ալեքսանյանն էր խոստանում, իր զարմիկ` նախկին թաղապետն էր գալիս-գնում, եւ ոչ մի արդյունք։ «Ես նոր թաղապետին կասեմ` թող զբաղվի. թաղապետի հետ կգանք-կայցելենք թաղամաս, կհասկանանք, թե ինչ խնդիր է։ Չեմ խոստանում, որ էդ հարցը ես կլուծեմ, բայց կբերեմ թաղապետին, թող միջոցներ ձեռնարկի այդ ուղղությամբ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ ընդդիմադիրների համար խստացվել է ԱԺ մուտք գործելու կարգը։ Մոտ մեկ ամիս է՝ ԱԺ ավտոմեքենաներով մուտք գործող օրենսդիրներին եւ նրանց ավտոմեքենաները՝ հանձնաժողովի նախագահներ, խմբակցությունների ղեկավարներ, ԱԺ փոխնախագահներ, զննում են ամենայն մանրամասնությամբ, հատուկ սարքով, անգամ մեքենայի տակն ու սրահն են զննում։ Ավելին՝ բացել են տալիս բեռնախցիկները։ Սակայն ուշագրավ է, որ մայիսի 8-ից սկսած՝ անվտանգության աշխատակիցները սկսել են մտնել նաեւ ավտոմեքենաներով ԱԺ մուտք գործող պատգամավորների պայուսակների մեջ։ Իսկ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն այդ կապակցությամբ դիմել է վարչապետին՝ պահանջելով ծառայողական քննություն անցկացնել։ «Այո, դիմել եմ՝ պարզելու, թե դա հատուկ վերաբերմո՞ւնք է՝ կապված իմ ելույթների հետ, որը վերաբերում է անվտանգության սեկտորին եւ այլն»։ «Ամսի 8-ին իմ ավտոն կանգնացրեցին, էլի ամբողջը ստուգեցին, հետո ասացին՝ նաեւ պայուսակդ բացի՝ նայենք, ես էլ պատասխանեցի, որ եթե կարգ կա, որ մեքենաներով կարող ենք մուտք գործել ԱԺ, էլ իմաստը ո՞րն է այդ կարգի, եթե պիտի պայուսակ ստուգեք։ Ինձ պատասխանեցին, թե մեզ ասել են՝ նայեք, մենք էլ նայում ենք»։ Մարուքյանը պատմեց, որ ինքն ԱԺ գործընկերներից հետաքրքրվել է՝ իրենց պայուսակներն է՞լ են ստուգել, եւ պարզել է, որ ոչ․ «Լիլիթին՝ Մակունց, Մանեին, Միքայելին՝ Մելքումյան եւ այլն»։ Միայն Նաիրա Զոհրաբյանը մեզ տեղեկացրեց, որ իր մեքենան ամենայն մանրամասնություններով ստուգվում է․ «Մեքենայի վերեւով, տակով, սալոնով մանրամասն ստուգում են, ասում են՝ նաեւ բեռնախցիկը բացեք»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար Նունե Խաչատրյանն արձակուրդ է վերցրել եւ, մեզ հասած տեղեկություններով, այլեւս չի վերադառնա: Թերեւս, նոր իշխանությունը որոշել է չաշխատել հին, փորձառու կադրի հետ։ Նա 1997 թվականից աշխատել է կառավարության աշխատակազմում, եղել է վարչապետի աշխատակազմի առաջատար մասնագետ, ապա տեղափոխվել է արդարադատության նախարարություն՝ նախարարի օգնական, խորհրդական, աշխատակազմի ղեկավար, հետո՝ գլխավոր դատախազի խորհրդական, ապա Դավիթ Հարությունյանի՝ կառավարության աշխատակազմի ղեկավար դառնալուց հետո նշանակվել է նրա տեղակալ։ 2017-ին վերադարձել է արդարադատության նախարարություն՝ աշխատակազմի ղեկավար։ Նա համարվում է Դավիթ Հարությունյանի կադրը։ Արդարադատության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը մեզ ասաց․ «Հաստատում եմ, որ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար տիկին Նունե Խաչատրյանը հերթական արձակուրդի դիմում է ներկայացրել»: Իսկ հետագայում «չվերադառնալու» մասին հարցին ի պատասխան՝ խոսնակն ասաց, որ նման տեղեկության չի տիրապետում»:
«168 ժամ» թերթը գրում է. «Սոցիալական ոլորտը հսկող հեղափոխական պաշտոնյաներն իրենց ոլորտում դեռևս չեն տիրապետում իրավիճակին, ինչից հմտորեն օգտվում է ՀՀ ֆինանսների նախարարությունը: Թվայնացված կենսաթոշակային համակարգի գործարկումը բիզնես հետաքրքրություն է դարձել ոմանց համար: 50 մլն դրամանոց բյուջեով էլեկտրոնային կենսաթոշակի բազայի ծրագրային ապահովումը հեղափոխական ղեկավարները 2018 թվականին որոշել են խլել արխիվները թվայնացնող ընկերության ձեռքից և տալ մեկ այլ ընկերության: Իսկ նպատակն իրագործվել է գնումների գործընթացում մանիպուլյատիվ մեխանիզմների միջոցով: Տարեսկզբից մի նոր սպասարկող ընկերության դաշտ բերելը խնդիրներ է հարուցել Սոցիալական ապահովության ծառայության (ՍԱԾ) համար: 168.am-ին փոխանցված տեղեկատվության համաձայն՝ պետգնումներում կասկածելի ձևերով շահած ընկերությունը, որն իր կենսագրության մեջ համակարգիչ սարքելուց այն կողմ երբեք չի անցել, ի վիճակի չի եղել տանել ստանձնած բեռը: Ծրագրի ապահովման ձախողումը նկատվել է առաջին իսկ ամսվա ընթացքում: Ավելին, պետգնումներով շահած այս ընկերությունը, որոշ տեղեկութունների համաձայն, ունեցել է նաև կադրային կրիզիս, բայց մինչև բացահայտ կազուսի առաջ կանգնելը՝ իր թույլ կողմերը մրցույթում խնամքով թաքցրել է:
Նշենք, որ բազաների անփույթ ու ոչ պրոֆեսիոնալ սպասարկումը մինիմում միլիոնների շեղումով բյուջեի փոշիացման կարող է բերել և փողերի լվացման դաշտ ստեղծել՝ նպաստառուների ու թոշակառուների հաշվին: Այլ կերպ ասած՝ տեղեկատվական շտեմարանների բազան կարգավորում է ողջ ոլորտի աշխատանքները և համարվում է սոցիալական ոլորտի գործարկման սիրտը, և եթե այն կանգ առնի, կնշանակի՝ կանգնել է ողջ համակարգի գործառույթը: Ուստի պետությանը կրախի առաջ չկանգնեցնելու համար, միջամտություններից հետո ձախողած ընկերությանն օգնության է հասնել բազաները նախկինում սպասարկած IT մասնագետների թիմը: Հաջորդ քայլափոխին Գործադիրը՝ ստեղծված իրավիճակը չլրջացնելու համար, ստիպված որոշում է ընդունել՝ էլեկտրոնային կենսաթոշակի բազայի սպասարկումը վերադարձնել նորից նախկինում սպասարկած IT անձնակազմին, մանավանդ, որ նրանց ձեռքից խլվել էր՝ արհամարհելով նաև օրենքով նախատեսվող նրանց հեղինակային իրավունքի գործոնը: Եվ զավեշտային այն է, որ իրականում նույն մրցույթին մասնակցած այս երկու ընկերությունների առաջարկած գների միջև եղել է ընդամենը 100-200 հազար դրամի տարբերություն, բայց, չգիտես ինչու, Սոցիալական ապահովության ծառայության այդ ժամանակվա պետ Արման Բոշյանն ինչ-որ հանգամանքից ելնելով՝ նախապատվությունը տվել է փորձառության ու կադրային ռեզերվի պակաս ունեցող ընկերությանը, որն այդպես էլ չկարողացավ դուրս գալ իր վերցրած բեռի տակից: Թե ո՞րն է եղել այս ընկերությանը պետության դիրքից «պադդերժկա անելու պայմանը» և, առհասարակ, ինչո՞ւ է հեղափոխական չինովնիկն այդքան հեշտությամբ պետական նշանակության կարևորագույն ինֆորմացիան հասանելի դարձրել ամեն մեկին, երբ գոյություն ունի ազգային անվտանգության խնդիր, կպարզենք առաջիկա օրերին:
«168 ժամ» թերթը գրում է. «Հայ-ռուսական հարաբերություններում մութ անկյուններ չկան, սակայն որոշ նրբություններ կամ տարաձայնություններ նկատվել են ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխություններից հետո: Ռուսաստանը համակերպվել է եւ դրանց չի արձագանքել այնպես, ինչպես արձագանքում էր նման իրավիճակներին շատ ավելի վաղուց»,- այս մասին «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է ռուս փորձագետ Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին եւ ՌԴ նախագահի ՀՀ կատարելիք այցին: Ըստ նրա, բնականաբար, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված խնդիրը, որը մեծ աղմուկի վերածվեց, չէր կարող անուշադրության մատնվել Մոսկվայի կողմից, դա անցանկալի զարգացում էր, ԵԱՏՄ-ում բարձրացվող որոշ թեմաներ թույլ են տալիս ենթադրել, որ ՀՀ նոր իշխանություններն ունեն նոր մոտեցումներ եւ նոր ակնկալիքներ հայ-ռուսական հարաբերություններից եւ ինտեգրացիոն կառույցներից, դա հասկանալը եւ նոր իրավիճակը նոր մոտեցում է պահանջում: «Կարծում եմ՝ այդ հարմարվելու փուլը դեռ չի ավարտվել: Սակայն նկատելի է նաեւ երեւանյան հռետորաբանության փոփոխություն, որը, կարծում եմ, քայլերի համադրմամբ համապատասխանաբար ար-ձագանք կգտնի նաեւ Մոսկվայում».- ասել է նա: Իսկ ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի խոսքով Պուտինի այցի հետաձգումը միանշանակ որոշ խնդիրների հետեւանք էր: Ըստ նրա՝ իշխանությունը ստանձնելուց հետո ՀՀ վարչապետն արել էր հայտարարություններ, որոնք միանշանակ չէին ընդունվել Մոսկվայում՝ առաջացնելով մտահոգություններ, դրանից վաղ տեղի ունեցածը եւս մտահոգիչ էր, քանի որ ՌԴ-ն համագործակցում էր նախկինների հետ եւ վստահություն ուներ, որ նախկինները լիարժեք վերահսկում են իրավիճակը, եւ իշխանության փոփոխությանն ուղղված զարգացումներն անակնկալ էին: Սակայն, նրա որակմամբ ՀՀ իշխանությունները սկսում են ավելի ադեկվատ քաղաքական հայտարարություններ անել»:
«168 ժամ» թերթը գրում է. «Իշխանափոխությունից մեկ տարի անց Նիկոլ Փաշինյանը շարունակում է Հայաստանի հպարտ քաղաքացուն կերակրել իմիտացիաներով։ Այն 100 փաստերը, որոնք պաշտոնավարման մեկամյակի առիթով հրավիրված ասուլիսում բերեց վարչապետը, ոչ այլ ինչ են, քան հասարակությանը մոլորեցնելու հերթական փորձ։ 100 փաստ ասվածը, անշուշտ, գրավիչ է եւ տպավորող։ Բայց դրանից ինչքանո՞վ է փոխվել մարդկանց կյանքը։ Այս հարցն է, որն այդպես էլ պատասխան չի ստանում։ Ի՞նչ մի հպարտանալու բան է խմելու ջրի սակագնի բարձրացումից խուսափելը, կամ, որ անապահով քաղաքացիների համար մի քանի դրամով հոսանքի ու գազի սակագին է իջել։ Իսկ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի բերած 100 փաստերի մեջ ոչինչ չկա այն մասին, թե վերջին մեկ տարում Հայաստանում քանի՞ տոկոսով է բարձրացել միջին աշխատավարձը կամ կենսաթոշակը։ Կամ՝ 85 հազար կենսաթոշակառու-նպաստառուի նվազագույն կենսաթոշակ-նպաստ բարձրացնելու փաստն արձանագրելուց բացի, գուցե վարչապետը բարի լիներ ու հայտարարեր նաեւ, թե դրա արդյունքում Հայաստանում ինչքանո՞վ է աճել միջին կենսաթոշակը կամ նպաստը։ Իսկ ինչո՞ւ վարչապետը ոչինչ չի ասում այն մասին, թե այս ընթացքում ինչքանո՞վ է թանկացել կյանքը Հայաստանում։
Իշխանափոխության մեկ տարում Հայաստանի տնտեսության զարգացման տեմպերը միայն նահանջել են։ Գրեթե կանգնել է տնտեսության իրական հատվածի աճը, փոխարենը` գնալով տնտեսական աճն ավելի ու ավելի է նստում խաղային բիզնեսի վրա։ Թե չէ ստացվում է, որ ներդրումների կրճատման պատճառն էլ եղել է «Լիդիան Արմենիան»։ Գուցե թե այդ ընկերության գործունեության կասեցումը որոշակի դեր ունեցել է, բայց դա չէ ներդրումների կրճատման պատճառը, ինչպես ասում է վարչապետը։ Վերջին մեկ տարում կառավարությունն իրենից կախված ամեն ինչ է արել է, որպեսզի Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ չլինեն։ Այնպես որ, պատճառը ոչ թե «Լիդանի» ներդրումներն են, այլ կառավարության գործողությունները։ Ներդրողին անկյուն քշելով` ուզում ենք ներդրումներ խրախուսել։ Ի՞նչ է արել մեկ տարում կառավարությունը, որպեսզի կապիտալն իրեն հանգիստ, պաշտպանված ու ապահով զգա. կարեւոր չէ` դա կլինի դրսի, թե ներսի ներդրող։ Արդյունքն այն է, ինչ ունենք։ Բա ինչո՞ւ 100 փաստերից եւ ոչ մեկը վարչապետը չէր նվիրել ներդրումային բումին։ Իսկ տնտեսության թռիչքաձեւ աճը կամ տնտեսական հեղափոխությունն ո՞ւր էր թոփ 100-ում։ Ոչ մի տրամաբանության չի ենթարկվում այն, որ երկրի վարչապետը դժվարությամբ է կարողանում հիշել նույնիսկ մեկ գործարան, որը բացվել է վերջին մեկ տարում։ Այսքանից հետո պատահական չէ, որ Հայաստանի տնտեսությունը գտնվում է անմխիթար վիճակում»: