25.11.2024
Ժողովուրդն Արցախը կդարձնի հեղափոխության օջախ. Փաշինյանի խոսքը՝ հակահեղափոխականներին
prev Նախորդ նորություն

Պետք է պահպաներ անհրաժեշտ զսպվածություն. Փաշինյանի խոսնակը՝ Վիտալի Բալասանյանին

Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն արձագանքել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի այն հայտարարությանը, թե Հայաստանի իշխանությունները պետք է հարգեին Մարտի 1-ի գործով մեղադրյալ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ԼՂ գործող նախագահ Բակո Սահակյանի և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի խնդրանքը։


Lragir.am-ի փոխանցմամբ Կարապետյանն ասել է, որ տարօրինակ է Արցախի բարձրաստիճան պաշտոնյայից լսել նման մեկնաբանություններ:


«Նման կարգի պաշտոնյան իր խոսքում պետք պահպաներ անհրաժեշտ զսպվածություն, կարծում եմ: Նաև, եթե չեմ սխալվում վերջին մի քանի տարիներին, երբ Ռոբերտ Քոչարյանը կատարյալ ազատության մեջ էր, հաղթանակի շքերթներում չի նկատվել։ Միգուցե, դա պայմանավորված է նրանով, որ լինելով իր իսկ պնդմամբ Հայաստանի բնակչության կես տոկոս էլ չկազմող հարուստների շարքում, իսկ որոշ լրատվամիջոցների պնդմամբ՝ դոլարային միլիարդատեր, որևէ ներդրում չի արել իր հայրենի Արցախում: Փոխանակ այս քանի տարվա մեջ հորդորեր ներդրումներ անելու, անտեղի հայտարարություններ է անում», - ասել է Կարապետյանը։


Ավելի վաղ Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ եթե Արցախի 2 նախագահը դիմել էին Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատելու հարցով, պետք է հարգեին։


Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը դիմել էին ՀՀ գլխավոր դատախազին՝ հիշեցնելով, որ մայիսի 9-ին Արցախում հանդիսավորությամբ նշվող տոնակատարություններին միշտ մասնակցություն են ունեցել բոլոր նախկին ղեկավարները, մարդիկ, ովքեր իրենց հսկայական ավանդն են ներդրել Արցախյան պատերազմում և կերտել են Հաղթանակը.


«Հաշվի առնելով, որ Արցախի Հանրապետության առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է, խնդրում ենք Ձեզ մայիսի 9-ին ընդառաջ կայացնել համապատասխան որոշում նրա խափանման միջոցը փոխելու մասին։


Մենք պատրաստ ենք հանդես գալ ցանկացած հրապարակային երաշխիքով, որն անհրաժեշտ կլինի նրա՝ մեկուսարանից ազատ արձակվելու եւ կայանալիք դատավարության ողջ ընթացքում ազատության մեջ լինելու համար»,- ասվում էր դիմումի մեջ։


Սակայն արձագանքը մերժողական էր. Գլխավոր դատախազության հայտարարության մեջ ասվում էր, որ քանի որ քրեական գործն ուղարկվել է դատարան, ապաև այդ միջնորդության քննարկումն իրենց իրավասության շրջանակում չէ։


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս անդրադարձել էր Արցախի ներկա եւ նախկին նախագահների դիմումին՝ պաշտպանելով ՀՀ դատախազության տեսակետը: