Երևանի քաղաքապետը «վարչապետական» աշխատավարձ չի ստանա. նախագիծը հանվեց
Երևանի քաղաքապետարանի ավելի քան 1700 աշխատակիցների աշխատավարձեր չեն բարձրանա՝ աղմկահարույց օրինագիծը հանվեց ավագանու նիստի օրակարգից։ Այս մասին նիստի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և արժանացավ ծափահարությունների:
Նա նշեց, որ հարցը չիչ փակվում, այլ այն կքննարկվի, այդ թվում նաև հանրային կարծիքը հաշվի կառնվի և դրանից հետո նորից դրան կանդրադառնան:
«Այս հարցի շուրջ լուրջ խմորումներ են եղել, և եթե այն նույնիսկ դրվեր քվեարկության, ապա չէր անցնի մեծ կոնսենսուսով նույնիսկ «Իմ քայլը» խմբակցությունում։ Բայց սա կարևորագույն փաստաթուղթ է և ես կուզեի, որ առնվազն մեր ֆրակցիայի մասով լայն կոնսենսուս լիներ։ Այսօր այն չկա, բնակչության մեջ էլ իրազեկվածություն չկա։ Այս փաստաթուղթը պետք է լինի բոլորի սրտով»,- հայտարարեց Երևանի քաղաքապետը։
Հիշեցնենք, ավելի վաղ Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնել էր, որ քաղաքապետարանի 1700 աշխատակցի աշխատավարձերը կբարձրանան շուրջ 30%-ով:
Մինչ այդ մամուլը գրել էր, որ ըստ ներկայացվող նախագծի՝ Հայկ Մարությանը նախկին 575 հազար դրամի փոխարեն կստանա ամսական 1 միլիոն 200 հազար դրամ, ճիշտ այնքան, ինչքան երկրի վարչապետն է ստանում։