23.11.2024
Գալուստ Սահակյանը քննադատել է ԱՄՆ դեսպանին
prev Նախորդ նորություն

Ջավադյան. ԵԱՏՄ շրջանակներում քննարկվում է հաշվարկային աժույթ ստեղծելու գաղափարը

Եվրասիական տնտեսական միությունը միասնական արժույթին անցնելու հարց չի քննարկում: Խոսք կա՝ միասնական հաշվարկային միավորի մասին: Այդ մասին ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

Օրերս ՌԴ Պետդումայի ԱՊՀ-ի, Եվրասիական ինտեգրացիայի և համերկրացիների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին հայտարարել էր, թե Եվրասիական տնտեսական միության միասնական արժույթի շուրջ աշխատանքները դժվարությամբ, բայց և առաջ են գնում: Ավելին` Սլուցկին ասել էր, որ միասնական արժույթը կունենա «եվրազ» անունը, թեև Արթուր Ջավադյանն ավելի վաղ ասել էր, որ միասնական արժույթին անցնելու հարցը տասնամյակներ է պահանջում:

Հարցին՝ հակասություն չկա՞ հայտարարությունների մեջ, ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանից ԵՏՄ-ում միասնական արժույթի մասին այլ բան են ասում, Ռուսաստանից՝ այլ, Արթուր Ջավադյանը պարզաբանեց, թե Սլուցկու հայտարարությունը վերաբերում է հաշվարկային արժույթին, ոչ թե՝ միասնական:

«Նա միասնական արժույթի մասին չի խոսել, խոսել է հաշվարկային արժույթի մասին, որ հաշվարկներն իրականացվեն մեկ արժույթով: Դա կարող է լինել ԱՄՆ դոլարը, եվրոն կամ հաշվարկների այլ արժույթ: Միասնական արժույթը այլ է: «Եվրազ»-ը հաշվարկային միավոր է, որը վիճակագրության համար է օգտագործվելու: Արժույթ չի, հաշվարկային միավոր է: Սրա մասին է խոսքը»,- մանրամասնեց ԿԲ նախագահը, հայտնում է tert.am-ը:

Հարցին՝ ԵՏՄ-ում միասնական արժույթին անցնելու մասին քննարկումներ գնո՞ւմ են, Արթուր Ջավադյանը բացասական պատասխան տվեց՝ նշելով. «Ո՛չ, միասնական արժույթի հարց դեռ չի քննարկվում»: