23.11.2024
Նալբանդյան. Հայաստանը Ֆրանսիայի կողքին է
prev Նախորդ նորություն

Գալուստ Սահակյանը քննադատել է ԱՄՆ դեսպանին

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը սուր քննադատության է ենթարկել ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությունն այն մասին, որ եթե Հակակոռուպցիոն խորհուրդը Հայաստանում շոշափելի արդյունքներ չգրանցի, Միացյալ Նահանգները կդադարեցնի այդ խորհրդին ֆինանսավորել:

Սահակյանի խոսքով որևէ դեսպան իրավունք չունի "մատ թափ տալ Հայաստանի վրա": «Որևէ դեսպան, որևէ օտար միջավայր, երբեք իրավունք չունի որևէ պետության վրա մատ թափ տալ: Դեսպանը սկզբունքորեն ամերիկյան քաղաքականությունն է ներկայացնում, որ ցանկանում է հիմքեր ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի համար, բայց տարբերակվել այլ դեսպաններից և իմպերատիվ ձևով խոսք ասել, բնականաբար, մեզ համար դա ոչ միայն հաճելի չէ, այլ նաև ընդունելի չէ», - հայտարարել է Սահակյանը:

Գալուստ Սահակյանի համոզմամբ, որևէ դեսպան չի կարող «իմպերատիվ տոնով» խոսել մի ժողովրդի մասին, որը կարողացավ իր ուժերով վերականգնել իր անկախությունն ու պետականությունը, հայտնում է yerkir.am-ը:

«Մենք չենք ընդունում, որ նա մատ է թափ տալիս ու ասում, թե փող չի տա: Մենք փողի երկիր չենք, մենք մեր ազգային խնդիրներն ենք փորձում լուծել, պարզապես նրանց այդ հայտարարությունները պետք է ավելի կոռեկտ լինեն»,- ասաց Գալուստ Սահակյանը` հավելելով, որ ամենամեծ կոռուպցիան հենց գերտերություններում է, պարզապես փոքր պետություններում կոռուպցիան հարվածում է հենց շարքային քաղաքացուն:

«Կոռուպցիան այն հրեշը չէ, որ այսպես` աչքով տեսնես ու միանգամից ոչնչացնես, դա պետք է համակարգը այնքան ուժեղանա, ժողովուրդն էլ այնքան գիտակից լինի, որ կոռուպցիայի մաս չկազմի»,- ասաց Սահակյանը: