25.11.2024
Իմ դեմ իրականացվողը շինծու է, դա անգամ ապացուցման կարիք չունի. Սանասարյանի արձագանքը
prev Նախորդ նորություն

Վարչապե՞տն է կասեցնելու Դավիթ Սանասարյանի լիազորությունները. VERELQ-ը ստուգել է փաստերը

Հայաստանի լրատվական դաշտում եւ սոցցանցերի հայկական սեգմենտում Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի լիազորությունները դադարեցնել-չդադադրեցնելու հարցի վերաբերյալ «փոթորիկ» է բարձրացել: Պատճառը «Փաստինֆո» լրատվական գործակալության` վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի խոսքերին հղում տալով հրապարակած «Դավիթ Սանասարյանի լիազորությունները չեն կասեցվի. Վարչապետի խոսնակ» վերնագրով լուրն է:



Լուրը «Փաստինֆոյի» կայքում տեղադրվել է ապրիլի 18-ին ժամը 14:05-ին: Այսինանք՝ այն ժամանակ երբ միայն տեղեկատվական արտահոսքեր էին տեղի ունենում, թե Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՊՎԾ ձերբակալված մի քանի աշխատակիցների՝ պաշտոնական դիրքը չարաշահելու մասով հարուցված քրեական գործի շրջանակում: ԱԱԾ-ն այդ ժամանակ դեռեւս պաշտոնական հաղորդագրություն չէր տարածել Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու մասին:

Նախ լուրն իր բնույթով մի փոքր մանիպուլյատիվ է, քանի որ նախաբանում Վլադիմիր Կարապետյանի խոսքին հղում տալով, գրված է, որ վարչապետը չի պատրաստվում կասեցնել Սանասարյանի լիազորությունները, սակայն նյութում, կառավարության ղեկավարի խոսնակի անունից մեջբերված է միայն մի միտք: ««Փաստինֆո»-ն ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարից հետաքրքրվեց, թե արդյոք վարչապետը չի պատրաստվում նախաքննության փուլում կասեցնել Դ.Սանասարյանի լիազորությունները՝ աշխատակիցների վրա հնարավոր ներգործությունը բացառելու, գործի օբյեկտիվ քննությունն ապահովելու համար։


«Եթե վարչապետը նման կարծիք ունենար՝ կհայտներ այդ մասին»,- ի պատասխան ասաց Կարապետյանը», - գրված է նյութում:


Այսինքն Վլադիմիր Կարապետյանն ուղիղ տեքստով չի ասել, որ վարչապետը չի պատրաստվում կասեցնել Սանասարյանի լիազորությունները: Այլ տվել է իր բնույթով մի փոքր անորոշ, եթե կուզեք դիվանագիտական պատասխան, որը կարող է ենթադրությունների առիթ տալ: Գուցե նյութի հնչեղության համար լրատվական գործակալությունը Կարապետյանի խոսքից ենթադրել է, որ չեն կասեցվելու Սանասարյանի լիազորությունները:


Այս նյութն աննկատ մնաց լրատվական դաշտի շատ գործընկերների ու սոցցանցերի հայկական սեգմենտի համար այնքան ժամանակ, մինչեւ ԱԱԾ-ի՝ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու մասին տարածած հաղորդագրությունը: Այդ հաղորդագրությունում բացի մեղադրանք առաջադրելու մասին տեղեկությունից, նաեւ ասվում է, որ դատախազի համաձայնությամբ որոշում է կայացվել Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին, որն ուղարկվել է Հայաստանի վարչապետին: Հաղորդագրությունում չի ասվում, որ քննիչի մինորդությունը վարչապետի համաձայնությանն է ուղարկվել, ու որ միայն վարչապետի համաձայնությամբ կարող են կասեցվել Սանասարյանի լիազորությունները:


Այլ «դատախազի համաձայնությամբ որոշում է կայացվել Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին, որն ուղարկվել է Հայաստանի վարչապետին»: Այսինքն՝ լիազորությունների կասեցման մասին տեղեկացվել է վարչապետը:


Այս հաղորդագրությունից հետո ԶԼՄ-ները եւ սոցցանցերի հայաստանյան հայտնի օգտատերերը սկսեցին ակտիվորեն տարածել «Փաստինֆոյի» հայտնի տեղեկատվությունը:



Այնուհետեւ, հասկանալով, որ տվյալ լուրը ժամանակավերպ ու մի փոքր էլ մանիպուլյատիվ է, Facebook-յան որոշ օգտատերեր մեղադրեցին կառավարությանը եւ վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթին ոչ կոմպետենտության համար: Ինչո՞ւ, որուվհետեւ «Հայկական ժամանակ» թերթի՝ armtimes.com կայքը ևս ԱԱԾ հաղորդագրությունից հետո, հղում կատարելով «Փաստինֆոյի» հայտնի հրապարակմանը, տեղեկություն էր տարածել, թե վարչապետը չի կասեցնելու Դավիթ Սնասարյանի լիազորությունները: Ավելին՝ լուրի վերանգրում, ենթադրաբար հնչեղություն ապահովելու համար, նշված էր «վարչապետը մերժել է ԱԱԾ-ին...» միտքը:



Այնուհետեւ տեղեկատվությունը armtimes.com կայքից հեռացվել է ու տեղադրվել մեկ այլ լուր, համաձայն որի, վարչապետի խոսնակ «Վլադիմիր Կարապետյանը նման հայտարարություն չի արել եւ հրապարակումները կեղծ են»: «Քիչ առաջ մեզ հետ զրույցում վարչապետի խոսնակը ԱԱԾ-ի միջնորդության վերաբերյալ ընդամենը ասաց. «ԱԱԾ-ն վարչապետի ենթակա մարմին է»», - ասված է նոր հրապարակման մեջ: Ի դեպ նույն միտքը Վլադիմիր Կարապետյանն արդեն ԱԱԾ-ի հաղորդագրության տարածումից հետո ասել է նաեւ «Փաստինֆոյին»:



Հատկանշական է, որ նույն լուրը հերքել է «Փաստինֆո» գործակալության տնօրեն Սոնա Տռուզյանը: «Քիչ առաջ որոշ լրատվամիջոցներ «Փաստինֆո» գործակալության անունից լուր են տարածել, թե, իբր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մերժել է Դավիթ Սանասարյանի լիազորությունները դադարեցնելու մասին քննիչի միջնորդությունը, ու թե, իբր, այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնել է վարչապետի մամուլի քարտուղարը: Դա ակնհայտ կեղծ տեղեկատվություն է: «Փաստինֆո»-ն իր լրահոսում նման նյութ չի ունեցել», - ասված է Տռուզյանի Facebook-յան գրառման մեջ:


Ամեն դեպքում, նշենք, որ «Փաստինֆո»-ի լրահոսում «Դավիթ Սանասարյանի լիազորությունները չեն կասեցվի. Վարչապետի խոսնակ» վերնագրով լուրն առկա է: Ահա հղումը: Թեպետ այնտեղ չի գրած, որ վարչապետը մերժել է ԱԱԾ քննիչի միջնոդությունը, այլ Սանասարյանի լիազորությունները դադարեցնելու մասին հարցը վարչապետի խոսնակին ուղղել է գործակալության լրագրողը եւ ստացել «Եթե վարչապետը նման կարծիք ունենար՝ կհայտներ այդ մասին» պատասխանը:


Սոնա Տռուզյանը, որ տեւական ժամանակ եղել է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակը, պնդում է, որ Դավիթ Սանասարյանի լիազորությունները դադարեցնելու մասին քննիչը միջնորդություն չի ներկայացրել վարչապետին, այլ միայն տեղեկացրել կասեցման մասին:


«Ավելին` Դավիթ Սանասարյանի լիազորությունները դադարեցնելու մասին քննիչը միջնորդություն չի ներկայացրել վարչապետին, այլ որոշում է կայացրել նրա լիազորություններ դադարեցնելու մասին` նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի համաձայնությամբ», - Facebook-ի իր էջում գրել է «Փաստինֆո» գործակալության տնօրեն Սոնա Տռուզյանը։