23.11.2024
Երևան. Իրան-Հայաստան երկաթգծի շինարարության շուրջ բանակցություններ է վարում Չինաստանի հետ
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. Ղարաբաղում ևս կարող է սկսվել սահմանադրական փոփոխությունների գործընթաց

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում չի բացառել, որ Արցախում եւս սահմանադրական փոփոխությունների գործընթաց կարող է սկսվել: Իհարկե, ԼՂՀ վարչապետն ասել է, որ այս ուղղությամբ քննարկումների ի հայտ գալը կապ չունի Հայաստանում սահմանադրական փոփոխություններ անցկացնելու հանգամանքի հետ: «Անձամբ ես եւ իմ ղեկավարած կուսակցությունն արդեն տեւական ժամանակ է՝ խոսում ենք Արցախում սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին, ինչն այդքան էլ պայմանավորված չէ Հայաստանում տեղի ունեցող գործընթացներով: Այնուամենայնիվ, հաշվի առնելով երկու հանրապետությունների ինտեգրման բարձր մակարդակը՝ մենք պարտավոր ենք նկատի ունենալ դեկտեմբերի 6-ի հանրաքվեում մեծամասնություն ստացած կարծիքը Արցախի ինստիտուցիոնալ զարգացման հետագա ուղին որոշելու հարցում»,- ասել է Արցախի վարչապետ Հարությունյանը: Այսինքն՝ ԼՂՀ-ում դեռ կսպասեն մինչեւ դեկտեմբերի 6-ի հանրաքվեի արդյունքները եւ, ըստ այդմ, կորոշեն ինչպես վարվել»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր ՀՀ ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի, որի օրակարգում բազմաթիվ հարցեր են ընդգրկված, սակայն դրանցից մեկն առավել քան կարեւոր է. խոսքն այն օրենսդրական փաթեթի մասին է, որով փոփոխություններ են նախատեսվում ՀՀ ընտրական օրենսգրքում եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում: Տեղեկացնենք, որ այս փոփոխություններն ուժի մեջ մտցնելուց հետո ՀՀ քաղաքացիներն իրավունք կունենան քվեարկել նույնականացման քարտերով: Ներկայումս միայն նույնականացման քարտ ունեցող քաղաքացիների թիվը երկու հարյուր հազարից մի փոքր պակաս է, սակայն մինչեւ դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նրանց թիվը շատ ավելի մեծ կլինի: Սակայն ողջ խնդիրն այն է, որ նույնականացման քարտերով քվեարկող մի քանի հազար ընտրողների միջոցով ՀՀ իշխանությունները կարող են կրկնակի քվեարկություն կազմակերպելով՝ իրենց ցանկալի արդյունքը ստանալ: Իհարկե, պատկերն այդքան անհույս չէր լինի, եւ հնարավոր չէր լինի իշխանություններին միանշանակ մեղադրել ընտրակեղծարար լինելու մեջ, եթե նրանք համաձայնեին ներդնել քվեարկած ընտրողների մատերը թանաքոտելու համակարգը: Սակայն ՀՀ իշխանությունները համառորեն չեն ցանկանում թույլատրել, որ այդ գործիքը կիրառվի՝ այդ նպատակով բերելով անհեթեթ, իսկ առանձին դեպքերում՝ նույնիսկ հիմար պատճառաբանություններ ընտանեկան խանդի մասին: Արդյունքում, շատ հստակ պատկեր ենք ունենում. այս իշխանությունների միակ հույսն ու գոյության երաշխիքը ընտրակեղծիքներն են»:

«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Տուլայի վթարի արդյունքում տարբեր վնասվածքներ ստացածները, որոնք ընդհանուր առմամբ 14-ն են, ՀՀ կառավարությունից կստանան 700 հազարական դրամ փոխհատուցում, ավտոբուսում գտնվածները՝ 500 հազարական դրամ, իսկ 9 մահացածների ընտանիքներին կառավարությունը կփոխհատուցի 1.5 մլն դրամով»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Առաջիկա օրերին ԲՀԿ-ում կարող են հետաքրքիր զարգացումներ տեղի ունենալ: Բանն այն է, որ փետրվարյան հայտնի իրադարձությունների ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը «խաչակրաց արշավանք» սկսեց Գագիկ Ծառուկյանի դեմ, իսկ վերջինս հայտարարեց, թե ընդունում է մարտահրավերը, բազմաթիվ պատգամավորներ եւ գյուղապետեր ահաբեկված շտապեցին լքել կուսակցության շարքերը: Սակայն ԲՀԿ նախկին առաջնորդի «կապիտուլացիայից» հետո բավականին անհարմար վիճակում հայտնվեցին. ոչ այն է ետ վերադառնային, ոչ այն է այդպես՝ «անկուսակցական» մնային: Վերջին օրերին «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ ԲՀԿ-ից դուրս եկած մի քանի պատգամավորներ մտմտում են վերադառնալ հայրենի կուսակցություն: Սակայն ԲՀԿ-ի ղեկավարությունը վճռել է պատգամավորների ետ վերադարձի դեպքում նրանցից յուրաքանչյուրի հարցը առանձին քննարկել եւ որոշում կայացնել: Նրանք պետք է հասկանան՝ զղջո՞ւմ են ԲՀԿ-ն լքածներն այդ քայլի համար եւ հատկապես ինչո՞ւ լքեցին խորտակվող թվացող նավը: Իսկ գյուղապետերի առաջ ԲՀԿ-ի դռները միշտ բաց են»:

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ հայաստանյան բանկերում ու փոխանակման կետերում զգալի բարձրացել է դոլարի գինը: Մեկ դոլար չենջերում գնվում էր 483 դրամով եւ վաճառվում 486 դրամով: Անցած շաբաթվա վերջին թե առքի եւ թե վաճառքի գները 2-3 դրամով ցածր էին: Դրամի արժեզրկումը արձանագրվում է արդեն երկրորդ շաբաթն անընդմեջ: Հոկտեմբերի 22-ին դրամը կտրուկ աժեւորվեց հասնելով մեկ դոլարը` 469 դրամ փոխարժեքի որից հետո սկսեց կտրուկ արժեզրկվել: Փաստորեն երկու շաբաթվա ընթացքում դրամը արժեզրկվել է գրեթե 3 տոկոսով: Սա ինչ որ չափով պայմանավորված է դոլարի` մյուս արժույթների նկատմամբ արժեւորմամբ: Սակայն դոլարի արժեւորումը սկսվել է անցած շաբաթվա սկզբին միայն»: