Վրաստանում կարտադրվեն էլեկտրամոբիլներ
Քութաիսիում կկառուցվի էլեկտրամոբիլներ արտադրող գործարան: Այդ մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն էկո ուղղվածությամբ աշխատող առաջին ինդուստրիալ բիզնես խմբի շնորհանդեսի ժամանակ, հաղորդում է «Գրուզիա-օնլայն»-ը:
«Ես մեծ ուրախությամբ ցանկանում են հայտնել, որ առաջին անգամ մեր տարածաշրջանում՝ Վրաստանում, կարտադրվեն էլեկտրամոբիլներ: «Չանգան» ընկերությունը, որն աշխարհում էլեկտրամոբիլների խոշորագույն արտադրողն է եւ որի ռազմավարական գործընկերներն են Volvo-ն, Volkswagen-ն ու Ford-ը, որոշել է, որ հենց Վրաստանում կկառուցվի էլեկտրամոբիլների գործարանը, եւ արդեն 2020 թվականին մենք կկարողանանք մատակարարել արտադրանքն էլեկտրամոբիլների շուկայում: Մենք ընտրել ենք քաղաքը, որն ունի հսկայական ինդուստրիալ փորձ, քաղաքը, որը սիրված է մեզնից յուրաքանչյուրի կողմից: Էլեկտրամոբիլների գործարանը կկառուցվի Քութաիսիում»,-հայտարարել է Մամուկա Բախտաձեն:
Նրա խոսքերով՝ գործարանի արտադրողականությունը կկազմի 40 000 ավտոմոբիլներ, որոնց 50 տոկոսը նախատեսվում է ներքին շուկայի համար, իսկ 20 000-ը կարտահանվի ԵՄ:
«Այդ գործարանում մենք կարտադրենք չորս մոդելի ավտոմոբիլներ, որոնք նախատեսված կլինեն Վրաստանի բոլոր քաղաքացիների համար, եւ մեր քաղաքացիները կկարողանան վաճառել իրենց հին ավտոմեքենաները եւ գնել նոր էլեկտրամոբիլներ»,-հայտարարել է Մամուկա Բախտաձեն: