ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է Փաշինյան-Ալիև բանակցությունների կառուցողական մթնոլորտը
ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը ողջունել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի բանակցությունների կառուցողական մթնոլորտը եւ առաջնորդների պարտավորվածությունը հետագա շոշափելի քայլեր ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ լուծում գտնելու համար: Այս մասին նշված է ԵԱՀԿ հայտարարության մեջ:
ԵԱՀԿ գործող նախագահը տեղեկացվել է Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներին: Նա Բրատիսլավայում հանդիպել է Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շոֆերի հետ: Վերջինս հանդես է եկել Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի եւ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի անունից:
Լայչակը ողջունել է բանակցությունների կառուցողական մթնոլորտը. «Մենք, ինչպես նախկինում դրական ենք գնահատում եւ լիովին աջակցում ենք այս գործընթացը եւ առաջնորդների հանձնառությունը հրադադարի ամրապնդման եւ հումանիտար ոլորտում միջոցառումներ ձեռնարկելու հարցում»,- նշել է ԵԱՀԿ գործող նախագահը: