Վիեննայում մեկնարկել է վարչապետ Փաշինյան-Ալիեւ հանդիպումը. Վլադիմիր Կարապետյան
Վիեննայում մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի և Էնդրյու Շոֆերի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ։
Այս մասին իր Facebook-յան էջում գրել է Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: Հանտիպմանը ներկա են նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը։
Նշվում է, որ նախ ընդլայնված կազմով հանդիպում է լինելու եռանախագահների, արտգործնախարարների մասնակցությամբ, ապա Փաշինյանն ու Ալիևը առանձնազրույց կունենան: Ալիեւի ու Փաշինյանի այսօրվա հանդիպումը կտեւի շուրջ 2 ժամ:
Հիշեցնենք, սա Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների առաջին պաշտոնական հանդիպումն է: Մինչ այդ նրանք մի քանի անգամ ոչ պաշտոնական շփումներ են ունեցել, որոնցից մեկի ժամանակ՝ Դուշամբեում պայմանավորվածություն ձեռք բերվեց շփման գծում լարվածությունը թուլացնելու եւ միջադեպերը կանխելու վերաբերյալ: Սույն բանավոր պայմանավորվածությունից հետո սահմանային լարումներն էապես թուլացել են:
Հիշեցնենք նաեւ, որ ՀՀ վարչապետը հայտարարել է Արցախը բանակցային սեղան վերադարձնելու մասին, ինչին դեմ է Ալիեւը: