ՀՀ-ի հետ ռազմական գործողությունները կարող են վերսկսվել ցանկացած պահի. Ադրբեջանի դեսպան
ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանով
Հայաստանի հետ ռազմական գործողությունների վտանգը մշտապես առկա է: Այս մասին հայտնել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը, ամերիկյան FoxNews-ի հետ զրուցում՝ անդրադառնալով Արցախյան հիմնախնդրին:
Նա նշել է, որ երկու կողմն էլ բավարար սպառազինություն ունի՝ ցանկացած ժամանակ ռազմական գործողությունները վերսկսելու համար: «Դա չլուծված հակամարտություն է և շարունակում է ռազմավարական շատ մեծ վտանգ մնալ ամբողջ տարածաշրջանի համար», - ասել է Վաշինգթոնում Ադրբեջանի դեսպանը՝ հավելելով, որ «ստատուս քվոն կայուն չէ»:
Նա նշել է նաև, որ երկու կողմի զինվորների միջև չկան խաղաղապահներ, գրում է Պանարմենիանը: «Զինվորները կանգնած են դեմ դիմաց, երբեմն ընդամենը 100 ոտք հեռավորության վրա: Երբեք չես իմանա, թե երբ ինչ-որ մեկը կորոշի ապակայունացնել իրավիճակը», - ասել է դեսպանը:
Ադրբեջանցի դեսպանն անդրադարձել է նաև մարտի 29-ին Վիեննայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը: «Ժողովուրդներն ուզում են տեսնել խաղաղություն, համերաշխություն, նրանք ուզում են բուժել իրենց վերքերը», - եզրափակել է Սուլեյմանովը:
Մարտի 29-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ Վիեննայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: