Ադրբեջանցի իրավապաշտպանը հայտարարել է զինվորականների կտտանքների եւ սպանությունների մասին
Ադրբեջանի քաղբանտարկյալների մոնիթորինգի կենտրոնի համակարգող Օքթայ Գյուլալիեւը հրապարակել է Տերտերի զինվորական դատարանի 2019 թվականի հունվարի 31-ի (098)-7/2019 դատավճիռը։
Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, այդ գործը վկայում է մի քանի զինվորականների կտտանքների եւ սպանության մասին, որոնք մեղադրվել են հայերի հետ համագործակցության մեջ։ Նշված անձինք ձերբակալվել են 2017 թվականի մայիսին եւ շուտով զոհվել են՝ ձերբակալության մեջ գտնվելով։ Հատկանշական է, որ ութ զոհվածներից չորսը հետո արդարացվել է, իսկ նրանց կտտանքների ենթարկողները՝ ձերբակալվել, բայց ոչ բանտարկյալների սպանության համար։
«Ինչպե՞ս է ստացվում, որ բանտարկյալների առանձնակի դաժանությամբ սպանություն կատարածները դատապարտվում են 6 տարվա ազատազրկման, ընդ որում՝ ոչ սպանության հոդվածով։ Միեւնույն ժամանակ, քաղբանտարկյալների ընտանիքներին նյութական օգնություն ցուցաբերող Սալեհ Ռուստամովը ստացել է 7 տարի 3 ամիս բանտարկություն, իսկ զինվորների մահվան դեմ բողոքող Իլքին Ռուստամզադեն՝ 8 տարի ազատազրկում»,- ասել է Գյուլալիեւը։
«Ինչպես է պատահում, որ կորպուսի, բրիգադի, որտեղ տեղի է ունեցել «դավաճանությունը», հրամանատարները մնում են պաշտոնին, իսկ շարքայինները ենթարկվում են խոշտանգումների եւ խստորեն պատժվում են»,- հարցնում է Գյուլալիեւը։
Պաշտպանության նախարարություն եւ գլխավոր դատախազություն ուղարկված հարցումները Օքթայ Գյուլալիեւի հրապարակման հետ կապված՝ մնացել են անպատասխան, Turan գործակալությանը չի հաջողվել մեկնաբանություններ ստանալ։