ՀՀ քաղաքացու օր կունենանք. ի՞նչ կապ ունի այն Սերժ Սարգսյանի հրաժարականի հետ
Այսուհետ ՀՀ քաղաքացու օր է նշվելու ապրիլի վերջին շաբաթ օրը: Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում:
Հիմնավորման մեջ նշվում է, որ այն դեպքում, երբ մայիսի 1-ը կհամընկնի շաբաթ օրվա հետ, ապա որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր կնշվոի ապրիլի վերջին կիրակի օրը:
Նախագիծը մշակվել է արդարադատության նախարարության կողմից: Դրա ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2018 թվականի ապրիլին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած աննախադեպ քաղաքական իրավիճակով:
«Ստեղծված բազմաթիվ սոցիալ-տնտեսական, իրավական և քաղաքական բնույթի խնդիրների շուտափույթ լուծման անհրաժեշտությամբ օրեր շարունակ հազարավոր քաղաքացիներ ցույցերի և երթերի ձևով իրենց պահանջներն էին ներկայացնում իշխանություններին: Տեղի ունեցող ոչ բռնի խաղաղ գործողություններով ուղեկցված բողոքի ցույցերը, հանրահավաքները ընդգրկել էին մայրաքաղաք Երևանը, մարզերի քաղաքներն ու գյուղերը, ինչպես նաև միջպետական և միջքաղաքային ավտոճանապարհները և քաղաքացիների համակարգային փոփոխությունների, որակական, խորքային բարեփոխումների հանրային պահանջի վկայությունն էին:Համաժողովրդական շարժման արդյունքներից մեկը եղավ վարչապետի հրաժարականը և համաժողովրդական շարժման հաղթանակը:
Անհրաժեշտություն է առաջացել լրացում կատարել օրենքում՝ ոչ բռնի թավշյա հեղափոխության արդյունքում նախորդ 20 տարիների ընթացքում իշխանության ներկայացուցիչների անցած, քաղաքականապես ավարտված ուղու և համաժողովրդական շարժման հաղթանակի կապակցությամբ սահմանելով ՀՀ քաղաքացու օր», - ասված է հիմնավորման մեջ:
Նշենք, որ ավելի վաղ մամուլը գրել էր այն մասին, թե որոշում է կայացվել ՀՀ քաղաքացու օր նշել ապրիլի 23-ը. անցած տարի հենց այդ օրը հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը: Գոնե առաջիկա երկու տարիներին՝ 2019-ին և 2020-ին ապրիլի 23-ը շաբաթ օր չի ընկնում: