25.11.2024
Իշխանությունները կհարկեն Youtube-ից շահույթ ստացողներին
prev Նախորդ նորություն

Ֆինանսների նախարարն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են Հայաստանի ֆինանսական գրավչությունը

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:


Նախարարը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և բարձր է գնահատել երկու երկրների գործընկերային հարաբերությունները: Նա դեսպանին է ներկայացրել ՀՀ կառավարության ծրագրով սահմանված առաջնահերթություններն ու բարեփոխումների օրակարգը: Ջանջուղազյանը նշել է, որ այս համատեքտում նախարարությունն ունի հավասարակշռության պահպանման և ֆինանսական կարգապահության ապահովման գործառույթ, որը թույլ կտա առավելագույն արդյունք ստանալ ծախված միջոցների դիմաց:


Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ֆիսկալ կանոններին, հարկային համակարգի փոփոխություններին, պետական պարտքի կայունացմանը, ինչպես նաև դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքակության միջոցով մակրոտնտեսական ռիսկերի կառավարելիությանը, Արժույթի միջազգային հիմնադրամի հետ հաջող բանակցությունների ընթացքին:


Վերջինիս առնչությամբ դեսպանն ընդգծել է, որ դա կնպաստի Հայաստանի նկատմամբ միջազգային ֆինանսական հանրության վստահության ամրապնդմանը:


Քննարկվել են նաև երկրում ներդրումային և գործարար բարենպաստ միջավայրի ստեղծման նախապայմանները և հայ-ամերիկյան համագործակցության ընդլայնումն այս ուղղությամբ: